Բաժիններ՝

Սամվել Ճզմաչյանին «գցե՞լ» են

Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանն՝ իր դիմումի համաձայն, հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Իր այս որոշումը Ճզմաչյանը պատճառաբանել է Հայաստանի բանկերի միության նախագահ ընտրվելու գործոնով, որ միության դերը և նշանակությունը նախատեսվում է մեծացնել և պաշտոնների երկտեղումը հնարավոր չէր: Սակայն այս պատճառաբանությունն այնքան էլ հիմնավոր չի թվում, քանի որ 1995 թվականից ի վեր, ինչ ստեղծվել է միությունը, դրա ակտիվ և պասիվ ժամանակաշրջաններում ՀԲՄ ղեկավարները հաջողությամբ համատեղել են նախագահությունն՝ իրենց մյուս պաշտոնների հետ:

Միաժամանակ, բանկի պաշտոնական կայքում նշվում է, որ «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ի սեփականատեր է դարձել Լիբանանյան խոշորագույն CreditBank S.A.L-ը, որը մինչ այդ տնօրինում էր բանկի բաժնետոմսերի 89.95 %-ը: CreditBank S.A.L-ը դեռ 2009թ-ին ձեռք էր բերել «Անելիքի» թողարկած մոտ 9 մլրդ դրամի բաժնետոմսերը և դարձել վերջինիս 51% բաժնետերը՝   բանկի կապիտալը հասցնելով մինչև 15 մլրդ դրամի: Իսկ անցած տարի CreditBank S.A.L-ի մասնակցության չափը 51%-ից հասցվել էր 89.95%, «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի մասնակցության չափը` 12.25 %-ից իջել էր մինչև 10.05 %-ի: Բանկի մյուս 3 բաժնետերերը  (Գալինա Վորոնինա, Ա. Ղազարյան, Ա. Առաքելյան) դուրս էին մնացել բաժնետերերի կազմից:

Այսինքն, Ս.Ճզմաչյանը վաճառել է իր 10.05% բաժնետոմսերը, որոնք չէին կարող խանգարել միության նախագահությանը, առավել ևս որ բանկը տարեցտարի բարգավաճում է՝ այս տարվա առաջին կիսամյակում այն ՀՀ պետբյուջե վճարել է 42%-ով ավելի շատ հարկ, քան անցած տարվա նույն ժամանակաշրջանում:

168.am-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում Ս.Ճզմաչյանի և բանկի լիբանանցի սեփականատերերի միջև լուրջ հակասություններ էին առաջացել՝ կապված մոսկովյան «Անելիք Ռու» ՍՊԸ բանկի հետ: Վերջինիս միակ հիմնադիրը՝ 100% բաժնեմասով, 1990 թ-ին եղել է «Անելիք Բանկը»: 2003 թ-ին «Անելիք Ռու» բանկը վերակազմակերպվել է՝ դառնալով դուստր առևտրային բանկ:

Ս.Ճզմաչյանը՝ որպես «Անելիք Բանկի» վարչության նախագահ, ցանկացել է վաճառել «Անելիք Ռու» բանկը և գտել է գնորդ, որը բավականին գրավիչ գումար է առաջարկել: Գործարքի արդյունքում մի կլորիկ գումար էլ (ըստ մեր աղբյուրների՝ 5 մլն դոլար) կստանար Ճզմաչյանը՝ որպես «Անելիք Բանկի» 10% բաժնետեր: Սակայն դրան ընդդիմացել են CreditBank S.A.L-ի ներկայացուցիչները և շատ ավելի քիչ գումարով հենց իրենք են ձեռք բերել մոսկովյան մասնաճյուղը: Արդյունքում, Ս.Ճզմաչյանը ստացել է ընդամենը մոտ 500 հազար դոլար:

Ի դեպ, բաժնետերերի միջև առաջացած այս հակասության մասին է վկայում նաև այն, որ բանկի խորհրդի նիստում բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոչ թե Վարչության նախագահի առաջին տեղակալ, Վարչության անդամ Բագրատ Ճզմաչյանը (Ս.Ճզմաչյանի եղբայրը), այլ բանկի վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս