Բաժիններ՝

Հերթական անգամ հետաձգվել է քրդական ազգային կոնֆերանսի անցկացումը

Քրդական Rudaw թերթի փոխանցմամբ՝ վերստին անորոշ ժամկետով հետաձգվել է քրդական համազգային կոնֆերանսի կայացումը, ինչի պատճառը կազմակերպչական կոմիտեում առկա տարաձայանություններն են:

Կոմիտեի անդամ Խալիլ Իբրահիմը, ով ներկայացնում է «Քրդստանի իսլամական» կուսակցությունը, հայտարարել է, որ հիմնական տարաձայնություններն առնչվում են կոնֆերանսի մասնակիցների մանդատների բաշխմանը:

Բացի այդ, միասնություն չկա նաև կոնֆերանսի անցկացման կանոնակարգի, նրա ղեկավար մարմինների ստեղծման և կոնֆերանսում ներկայացվելիք քաղաքական զեկույցի վերաբերյալ:

«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) իր համար պահանջում է 600 մանդատից 310-ը: Ընդ որում, PKK-ը պահանջում է ընդհանուր մանդատները բաշխել հետևյալ կերպ՝ 220 մանդատ Հյուսիսային (Թուրքիա) Քրդստանի, 150 մանդատ՝ Հարավային (Իրաք) Քրդստանի, 140 մանդատ՝ Արևմտյան (Սիրիա) Քրդստանի և 90 մանդատ՝ Արևելյան (Իրան) Քրդստանի համար:

PKK-ը տվյալ հարցում շեշտ դնում է Քրդստանի տարբեր մասերում քրդական բնակչության թվաքանակի վրա: Սակայն PKK-ի այդ առաջարկները հավանության չեն արժանացել մյուս կուսակցությունների կողմից, որոնք պահանջում են մանդատները բաշխել հավասարաչափ՝ 150 մանդատ ամեն հատվածի համար:

Նրանք ընդգծում են, որ սա ոչ թե ընտրություններ են, այլ՝ քաղաքական ֆորում և չի կարելի խախտել Քրդստանի յուրաքանչյուր հատվածի իրավունքները: Քաղաքական մեկնաբաններն ընդգծում են, որ PKK-ը փորձում է մեծամասնություն ստանալ կոնգերսում, որպեսզի օրակարգում ընդգրկի իրեն հուզող հարցեր:

Սկզբնական շրջանում կոնֆերանսը Հյուսիսային Իրաքում պլանավորվել էր դեռևս հունիսին, սակայն այն ժամանակ այն հետաձգվել էր նախ օգոստոսի վերջին, ապ նաև՝  սեպտեմբերին: Կոնֆերանսը նախաձեռնել է քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս