Միակ խնդիրը՝ թանգարանի աշխատակիցների ցածր աշխատավարձն է

Էջմիածնի Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակին հարող տարածքում է գտնվում բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը: Թանգարանը հիմնադրվել է 1940-ական թվականներին: Նախաձեռնողը բանաստեղծի դուստրն էր` Եվան: Տուն-թանգարանը բաղկացած է հինգ սենյակից` երկու ննջարան, միջանցք, հյուրասենյակ և խոհանոց: Շուրջ հինգ հարյուր ցուցանմուշները` կահույք, սպասք, գրքեր, նամակներ ու նկարներ, ներկայացնում են Հովհաննիսյան բանաստեղծին ու մարդուն: Բացի գրականությունից, Հովհաննիսյանն ուներ ևս երկու թուլություն. նա սիրում էր թեյախմություն կազմակերպել ու իր այգում աճեցված խաղողից գինի հյուրասիրել ընկերներին:

Նրա տան մշտական հյուրերն էին Ռոմանոս Մելիքյանը, Ավետիք Իսահակյանն ու Կոմիտասը: Այսօր էլ պահպանվել ու թանգարանում իր ուրույն տեղն ունի դաշնամուրը, որի վրա նվագում էր Կոմիտասը:

Հովհաննիսյանական հայտնի թեյախմությունն այսօր էլ արդիական է: Արդեն հինգ տարի՝ տուն-թանգարանը մասնակցում է «Թանգարանային գիշեր» ծրագրին և, պահպանելով ավանդույթը, այցելուներին հյուրասիրում է նաև թեյ և մուրաբաներ: «Այնպես՝ ինչպես Հովհաննիսյանն էր սիրում»,- ասում է տուն- թանգարանի տնօրեն Գայանե Գալստյանը` հավելելով, որ յուրաքանչյուր տարի թանգարան այցելողների թիվը շատանում է:

Hovhannes-Hovhannisyan-museum9

Hovhannes-Hovhannisyan-museum4

Hovhannes-Hovhannisyan-museum5

«Էջմիածնում շատերն են շփվել բանաստեղծի հետ ու նրանք հաճախ այցելում են տուն-թանգարան, պատմում հուշեր բանաստեղծի մասին ու այդ կերպ փարատում կարոտը: Բացի նրանցից, թանգարան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ: Շատ հաճախ հովհաննիսյանական դասեր են անցկացվում, աշակերտները գալիս են, ծանոթանում, բանաստեղծություններ կարդում: Դպրոցականներ այցելում են ոչ միայն մեր մարզից, այլև ամբողջ հանրապետությունից»,- ասում է Գալստյանը` ցավով փաստելով, որ վերջին տարիներին Հովհաննիսյանի ստեղծագործությունները դպրոցական ծրագրից հանվել են:

«Նոր դասագրքերում որոշ ժամանակ միայն  «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունն էր, այժմ այդ ստեղծագործությունն էլ չկա: Սակայն դա չխանգարեց, որ մեր աշակերտները ծանոթանան Հովհաննիսյանին: Սեպտեմբերից սկսած մինչև մայիս, ամեն օր դպրոցականներ ենք ընդունում, նրանք դասարաններով գալիս են` կարդում, ծանոթանում. փորձում ենք բացն այդ կերպ լրացնել»,- ասում է Գալստյանը` ավելացնելով, որ տուն-թանգարանն անվճար է գործում և բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Էջմիածնի քաղաքապետարանը:

Hovhannes-Hovhannisyan-museum

Hovhannes-Hovhannisyan-museum3

Hovhannes-Hovhannisyan-museum10

Այժմ թանգարանում պատրաստվում են հաջորդ տարի կայանալիք՝ բանաստեղծի ծննդյան 150-ամյակին: Գալստյանը միջոցառումների ցանկը չի ներկայացնում. որոշ հարցեր դեռ քննարկման փուլում են: Սակայն մեկ անակնկալ արդեն ունի: Հեռավոր ԱՄՆ-ում դիտել են թանգարանի վերաբացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Որոշ ժամանակ անց թանգարանի տնօրենին է դիմել ամերիկահայ մի քաղաքացի` հավաստիացնելով, որ Հովհաննես Հովհաննիսյանի ծոռն է: «Այժմ նրա հետ բանակցությունների փուլում ենք: Նրան ենք ուղարկել գրքեր, լուսանկարներ և եթե, իրոք, պարզվեց, որ նա Հովհաննիսյանի ծոռն է, անպայման կհրավիրենք միջոցառմանը և կպահենք կապը Հովհաննիսյանի հարազատների հետ»,- պատմեց տնօրենը:

Արդեն երկու տարի է՝ տուն-թանգարանը հիմնովին վերանորոգվել է: Տանիքն այլևս չի կաթում, ջեռուցվում է, և թանգարանի աշխատանքը ձմռանը չի խաթարվում: Միակ խնդիրը, որ առկա է` թանգարանի աշխատակիցների ցածր աշխատավարձն է: Թեպետ նրանք աշխատում ենք ինը ժամ, սակայն ստանում են նվազագույն սշխատավարձ:

Տեսանյութեր

Լրահոս