
Իրաքի «Աշրաֆ» փախստականների ճամբարում գրանցված բախումների հետևանքով զոհվել է 47 մարդ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում «Աշրաֆ» փախստականների ճամբարում գրանցված բախման հետևանքով զոհվել է առնվազն 47 մարդ: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի տվյալները: Բախման մասին ստացվել են հակասական տեղեկություններ:
Ճամբարում պայթյուններն ու զինված բախումներն սկսվել են սեպտեմբերի 1-ին: Ոստիկանությունը հայտնել է, որ ճամբարի վրա հարձակում է իրականացվել 5 ականանետից: Սակայն տեղեկատվություն է ստացվել նաև այն մասին, որ ճամբարի տարածքում պայթեցվել է նավթամթերքով լի բեռնարկղ:
Իրաքյան իշխանությունների վարկածով՝ «Աշրաֆում» սկսվել են անկարգություններ, որոնց ընթացքում բնակիչների փորձել են գրոհով վերցնել ճամբարի մուտքի մոտ գտնվող բանակային պահակակետը, ինչից հետո զինվորականները կրակ են բացել նրանց վրա: Կալանքի տակ է վերցվել 38 մարդ:
«Աշրաֆ» ճամբարը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 60 կիլոմետր դեպի հյուսիս: