Բաժիններ՝

Էջմիածնում նոր ուսումնական տարվան ընդառաջ աշխուժություն չի նկատվում

Նախորդ տարիների համեմատ Էջմիածնի տոնավաճառներում ու խանութներում աշխուժություն չկա. փողոցներում սեպտեեմբերի 1-ին հատուկ գնումներն այնքան էլ նկատելի չեն: Պատճառն ամենևին էլ տեսականու բացակայությունը չէ: Սպիտակ վերնաշապիկներ, զգեստներ, կոստյումներ, կոշիկներ ու տարբեր տեսակի պայուսակները լիքն են, տեսականի շատ, գները` տարբեր, սակայն ինչպես վաճառողներն են պնդում. ամեն ինչ կա, գնող` չկա:

Տիկին Ասյան արդեն 15 տարի Էջմիածնի տոնավաճառում հագուստ է վաճառում: Որպես փորձառու աշխատող՝ գիտի այս սեզոնին ի՞նչ գնել ու որքա՞ն, որպեսզի օգուտ ստանա: «Արդեն երկու տարի է՝ առևտուրը կանգնել է, էն աշխուժությունը չկա, տարվա էս սեզոնին միշտ առևտուր էր լինում, էս տարի` շատ վատ է, տակ ենք տալիս: Ապրանք գնել ենք, բերել, բայց գնող չկա: Դպրոցական հագուստն էլ էնպիսի բան է, որ եթե ժամանակն անցավ, էլ չի վաճառվի: Բայց  դե մեղադրելու էլ չի,  մարդ չկա, գնող չկա, մարդիկ սոված են, ո՞նց գան երեխեքի համար հագուստ-կոշիկ առնեն»,- ասում է տիկին Ասյան:

Թեպետ ուսումնական տարվա մեկնակին 2 օր է մնացել, սակայն տիկին Ասյան այս ողջ ընթացքում ընդամենը վեց վերնաշապիկ է վաճառել և երկու զույգ կոշիկ: «Նախորդ տարիներին 30-40 հատով էի վաճառում, էս երկու տարի է ՝ շատ պասիվ են»:

Վաճառող Ռազմիկը պատմում է, որ իրենց մոտ գնումներ են կատարում ոչ միայն Էջմիածնի, այլև հարակից գյուղերի բնակիչները.  «Հիմա կրճատվել են, մարդիկ փող չունեն, մի կերպ յոլա են գնում, մի մասն էլ թողել-գնացել են: Հարևան ունեմ, երեք երեխա ունի, երեքն էլ դպրոցական, ասեցի` Կարինե, երեխեքի համար լավ բաներ կան, արի նայի, քեզ էժանով կտամ, երբ հարմար լինի, գումարը կտաս, ասեց` Ռազմիկ ջան, փող չունեմ, երեխեքին նոր հագուստ չեմ առնելու, նախորդ տարիներից ինչ կա՝ պետք ա հագնեն, յոլա գնան, էդքան փող չունեմ»,- պատմում է Ռազմիկը:

Կարդացեք նաև

september (4)

september (2)

Զարմանալի չէ, որ ծնողները հրաժարվում են դպրոցական հագուստ գնելուց կամ գնում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Տոնավաճառում ամենաէժան վերնաշապիկն արժեր 5000 դրամ: Որքան որակն ու տեսքն ավելի նորաոճ էր՝ այնքան գինը բարձրանում էր: Նույնը նաև կոշիկների և դպրոցական այլ պարագաների հարցում: Եթե հաշվենք տոնավաճառի ամենացածր գներով, ապա ծնողները մեկ երեխայի դպրոցական կարիքները հոգալու համար պետք է վճարեն ամենաքիչը 20.000 դրամ: Եթե դրան գումարենք նաև գրքերն ու յուրաքանչյուր առարկայի համար պահանջվող 5-6 տետրերն ու բառատետրերը, ապա ուսումնական տարին աշխատավարձով ապրող ծնողների համար դառնում է խիստ թանկ հաճույք:

Թեպետ վաճառողները փաստում են, որ աղքատության պատճառով գնորդները քիչ են, սակայն ապրանքն էժան վաճառել էլ չեն ցանկանում: «Մենք էլ ենք տուն պահում,  սահմանի վրա հազար տեղ գումար ենք վճարում, բերում ենք` վաճառում, որ օգուտ ստանանք, որ բերենք, մենք էլ էժան վաճառենք, բա մեր օգուտը ո՞րն ա»,- ասում են վաճառողները:

«Մենք էն տարիքում ենք, որ էլ ուրիշ գործով չենք կարող զբաղվել: Տարիներ շարունակ առևտրով ենք զբաղվել, մեր մասնագիտությունն էլ ենք մոռացել, էս տարիքում մեզ էլ ո՞վ մեզ աշխատանքի կընդունի, ջահելները գործ չեն կարողանում ճարել, ուր մնաց` մենք», – ասում են վաճառողները` հույսով, որ կգա մի օր, երբ երկրի վիճակը լավ կլինի, իրենց առևտուրն էլ կծաղկի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս