Ինչպես դիմակայել ամառային շոգերին
Հայաստանում տարվա այս ժամանակ էլ շոգ եղանակները պահպանվում են, և հաշվի առնելով մեր երկրի բնակլիմայական պայմանները` սեպտեմբերի առաջին կեսը նույնպես կարող է բավական բարձր ջերմային ֆոն ունենալ: Ուստի շոգին դիմակայելու, այն հեշտ հաղթահարելու, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու և վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները մեր քաղաքացիներին մի քանի պարզ և արդյունավետ խորհուրդներ են տալիս:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման բաժնի պետ Նունե Բակունցը նախևառաջ խորհուրդ է տալիս շոգին դիմակայելու համար շատ քանակությամբ մաքուր ջուր խմել` չգազավորված և առանց հավելումների, քանի որ, ինչպես մասնագետն է նշում, ջուրն է, որ լիարժեք լրացնում է օրգանիզմում հեղուկի պակասը. «Շոգ եղանակներին ինքնահովացման համար քրտարտադրության միջոցով մեր օրգանիզմը կորցնում է շատ հեղուկներ, այդ իսկ պատճառով, օրվա ընթացքում անհրաժեշտ է մինչև 2-3 լիտր ջուր խմել: Սովորական ջրից բացի, օրգանիզմը կորցնում է նաև որոշ քանակությամբ սպիտակուցներ և աղեր:
Դրա համար ես միշտ խորհուրդ եմ տալիս, և գիտականորեն էլ ապացուցված է, որ շոգ եղանակին պետք է օգտագործել նաև թան, որովհետև մեր ազգային թանի մեջ առկա է ջուր, որոշ քանակությամբ սպիտակուցներ և բնական աղեր: Սրտանոթային, երիկամային հիվանդություններ ունեցող անձինք անպայման, իրենց օրական հեղուկի քանակը պետք է համաձայնեցնեն բուժող բժշկի հետ»:
Ն. Բակունցի խոսքերով, հատկապես շոգ եղանակներին հեղուկներ օգտագործելիս նախապատվությունը պետք է տալ գործարանային արտադրության ըմպելիքներին, որոնց որակը երաշխավորված է՝ հերմետիկ փակված են, ժամկետի մեջ են և այլն:
Տիկին Բակունցը մեր քաղաքացիներին կոչ է անում խուսափել նաև փողոցում վաճառվող սննդամթերք գնելուց, և սնունդը գնել միայն պահելու համար պատշաճ, սառնարանային պայմաններ ունեցող վայրերից. «Մի՛ գնեք տեղում պատրաստվող կամ լցվող հյութեր, կամ տեղում պատրաստվող պաղպաղակ, կամ այլ մսային, կաթնային սնունդ՝ սննդային թունավորումներից խուսափելու համար: Հետևե՛ք ձեռքերի հիգիենային, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ»:
Շոգ եղանակներին խորհուրդ չի տրվում նաև չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները՝ թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Օգտագործվող հեղուկները, ըստ Ն. Բակունցի, չի կարելի շատ սառեցնել, պետք է լինեն միջին (գոլ) կամ դրանից մի փոքր ավելի հովացրած, քանի որ այդպես ավելի լավ են հագեցնում ծարավը:
Առողջապահության նախարարության մասնագետը նաև խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից հատկապես՝ ժամը 12-17-ի ընթացքում. «Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար պետք է անպայման կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների, ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ: Ապացուցված է, որ գույնի տարբերությունը սպիտակի և սևի միջև մինչև 40 տոկոս ջերմության տարբերություն է տալիս, մուգ գույները ջերմային էներգիան կլանելու հատկություն ունեն: Հայերս, չգիտեմ ինչու, սիրում ենք սև գույնի հագուստ հագնել, բայց ամռանը դա բավական անբարենպաստ է օրգանիզմի համար»:
Ն. Բակունցը նաև խորհուրդ է տալիս ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից, և ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին պառկեն, քանի որ պառկած դիրքում սրտանոթային համակարգն ավելի հեշտ է աշխատում, և հեշտանում է արյան շրջանառությունը: Մասնագետի խոսքերով. «Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք այդ ժամանակահատվածում պետք է ավելի ուշադիր լինեն և իրենց դեղերն ընդունեն ճիշտ ժամանակին, որպեսզի ավելորդ չբարդացնեն իրենց վիճակը:
Բացի այդ, արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում. եթե այդպիսի իրավիճակ է ստեղծվել, ապա պետք է անպայման մեքենայից դուրս գալ և ստվերում սպասել»:
Ինչ վերաբերում է օդորակիչներին, ապա, ըստ տիկին Բակունցի, պետք է հետևել, որպեսզի օդորակիչի սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա, և այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
Այն անձանց, որոնք նոր պետք է մեկնեն հանգստի, մասնագետը հիշեցնում է, որ արևի ուղիղ ճառագայթների տակ արևայրուք ընդունելը վտանգավոր է օրգանիզմի համար.
«Արևայրուքը մարդու մաշկի վրա ազդում է այրվածքի մեխանիզմով և, բացի նրանից, որ հենց առաջին արևայրուք ընդունելուց հետո կարող են ունենալ բավական տհաճ երևույթներ, ընդհանրապես արևայրուքը մաշկը չորացնում և նպաստում է մաշկի ծերացմանը: Գիտականորեն ապացուցված է, որ արևայրուքը բերում է մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի: Նույնիսկ ստվերում կարելի է շատ գեղեցիկ արևայրուք ունենալ: Խորհուրդ է տրվում ծովում լողալ առավոտյան զով ժամերին, արևի տակ պառկելը որևէ պարագայում չի խրախուսվում, պետք է անպայման օգտագործել պաշտպանիչ քսուքներ: Հատկապես երեխաների դեպքում խորհուրդ է տրվում առաջին 2 օրը արևային պրոցեդուրաները սկսել քչից, որպեսզի օրգանիզմը հարմարվելու ժամանակ ունենա»:
Շոգ եղանակին լողալը նույնպես օրգանիզմը բավական լավ հովացնում է: Ն. Բակունցի խոսքերով, սակայն, լողալ պետք է միմիայն դրա համար նախատեսված վայրերում, որոնք հատուկ կառուցված, նախատեսված են մարդկանց լողի համար.
«Հիգիենայի մի շարք պահանջներ կան, որոնք ունեն լողալու համար նախատեսված լողավազանները, դրանք մշտապես մաքրվում են, ախտահանվում, ջրի որակը ստուգվում է։
Մինչդեռ այդ բոլոր պայմանները չեն կարող ապահովել դեկորատիվ ջրավազանները: Դրանք լողալու համար նախատեսված չեն, և այնտեղ լողալը խստիվ արգելվում է: Այդ շատրվանները, ջրավազանները նախատեսված են, որպեսզի իրենց շուրջը ստեղծեն ավելի զով միկրոկլիմայով մթնոլորտ»:
«168 ԺԱՄ»