Էջմիածնում Պաուլո Կոելիոյի գրքերը մեծ պահանջարկ են վայելում (լուսանկարներ)
Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը գործում է 1921 թվականից: Տարեցտարի ֆոնդերն ավելացել են, և այսօր գրադարանում կա ավելի քան 88.000 կտոր գրականություն:
«Ունենք և՛ մասնագիտական գրականություն, և՛ գեղարվեստական, առանձին բաժին ունենք՝ նվիրված արվեստին և պատմությանը: Շատ են դասագրքերն ու բառարանները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրադարանի վարիչ Հրանուշ Գաբրիելյանը` հավելելով, որ ընթերցողների պակաս չեն ունենում: Տարեկան գրադարանը սպասարկում է շուրջ 5000 ընթերցողի, և փորձում են բավարարել նրանց պահանջները:
«Ամեն տարի կազմում ենք մերժված գրքերի ցուցակ, փորձում ձեռք բերել ամենից շատ պահանջվող գրքերը: Գրադարանում համալրումներ քիչ են լինում. հիմնականում քաղաքապետարանի տրամադրած գումարներով փորձում ենք գրականություն ձեռք բերել»: Վերջին տարիներին ընթերցողների համար ամենապահանջված հեղինակը Պաուլո Կոելիոն է: Նրա գրքերը դեռևս չկան, սակայն շուտով կհամալրեն գրադարանի ցանկը: «Բացի Կոելիոյից՝ շատ են պահանջում նաև Քամյու, Կաֆկա, Հոֆման: Շատ են պահանջում նաև դասագրքեր, հատկապես օտար լեզուների և հոգեբանության վերաբերյալ մասնագիտական գրքեր»,- ասում է Գաբրիելյանը` հավելելով, որ գրքերի ցուցակ կազմելիս հատկապես ուշադրություն են դարձնում ծրագրային գրականությանը:
Հրանուշ Գաբրիելյանն ասում է, որ գրադարանում խնդիրներ չկան: Այն վերանորոգվել է երկու տարի առաջ, ջեռուցում էլ կա, և իրենք էլ սկսել են նորմալ պայմաններում աշխատել. Ձմռանը վերարկուներով չեն աշխատում:
Նոր կահավորված ընթերցասրահում էլ ուսանողները հնարավորություն ունեն գիրք կարդալու, սովորելու: «Գիտեք, այսօր գրքերը շատ թանկ արժեն: Մասնագիտական գրքեր, դասագրքեր կան, որ 7000 դրամից 10.000 դրամ արժեն: Բարեբախտաբար, գրադարանում մի քանի օրինակ կա, և ուսանողներն այլևս նեղություն չեն կրում ու ընթերցասրահում իրենց գիրքը կարդում են»:
Գրադարանում առկա միակ խնդիրը ցածր վարձատրությունն է: Գրադարանի աշխատակիցները ստանում են 44.000 դրամ աշխատավարձ:
«Քիչ է, մենք էլ տուն ենք պահում, օրական 8-9 ժամ աշխատում ենք, բայց ստանում ենք այսքան քիչ: Բայց դե, պետությունն էդքան է հասցնում, էդքան է տալիս, որ պահանջենք, բղավենք՝ ի՞նչ պետք է փոխվի: Սպասենք, գուցե մի օր էլ մեր աշխատավարձը բարձրանա»,- ասում է Հրանուշ Գաբրիելյանը` հավելելով, որ վերջին տարիներին փոքրիկ նվիրատվություններ են ստանում նաև ընթերցողներից:
Գրքեր են ստացել նաև արտասահմանից. մարդիկ, ովքեր տարիներ շարունակ օգտվել են, չեն մոռանում իրենց գրադարանը: Գրադարանի աշխատակիցներին վերջերս անակնկալ է մատուցել նաև հայտնի օպերային երգչուհի Անահիտ Մխիթարյանը` գրադարանին նվիրելով գրքերի մի մեծ արկղ:
Հասմիկ Հարությունյան