«Արտասահմանցին չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ պետությունը չի աջակցում» (լուսանկարներ, տեսանյութեր)
Աշխարհի 134 երկրների ավելի քան 500 գյուղերում գործում են «ՍՕՍ» մանկական գյուղերը: Հայաստանում այս կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 1989 թվականից, և առաջին երեխաները եղել են երկրաշարժից տուժածները:
Մանկական գյուղեր կան Շիրակի, Իջևանի, Կոտայքի մարզերում և մայրաքաղաքում:
Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «ՍՕՍ» մանկական գյուղի մասնաճյուղն է, ուր ապրում են թվով 61՝ 2-15 տարեկան երեխաներ: Հարմարավետ, բոլոր կենցաղային պայմաններով ապահովված 14 տնակներում ապրում են ընտանիքներ՝ «ՍՕՍ» մայրիկով, մորաքույրով, քեռիով և այլն: Երեխաների հիմնական խնամքով զբաղվում է «ՍՕՍ» մայրիկը:
168.am-ի հետ զրույցում «Կոտայք» ՍՕՍ մանկական գյուղի տնօրեն Հովհաննես Կոստանյանը նշեց, որ պատահել է անգամ, երբ «ՍՕՍ» մայրիկը թոշակի է անցել ու որդեգրել է երեխաներից մեկին:
«Ընդհանրապես, մի քանի փուլի է բաժանված մեր գործունեությունը: Առաջինը՝ մանկական գյուղ, երբ երեխաների մասին հոգ ենք տանում մինչև 14-15 տարեկան դառնալը, հետո երիտասարդական ծրագիրը կա: Երևանում մենք ունենք պատանեկան տներ, ուր երեխաները տեղափոխվում են 15 տարեկանից: Մինչ չափահաս դառնալը սովորում են քոլեջում: Այս տարի 8 հոգի տեղափոխվում է Երևան: Այս փուլում նույնպես երեխաները մենակ չեն, նրանց հետ հերթափոխով մանկավարժներ են ապրում, նրանց համար խոհարարը սնունդ է պատրաստում, իսկ մանկավարժները ուղղորդում են, որպեսզի երեխաների նպաստները ճիշտ ծախսվեն: Հաջորդ փուլն է կիսաանկախ բնակության տունն ու աշխատանքը, երբ երեխաներին օգնում են տան վարձը մուծելով, և այլն: Այս փուլում ամեն ինչ կախված է երեխայից: Մենք ունենք սկզբունք, որ երեխան պետք է ձգտում ունենա, բայց եթե նա նստի ու հույսը դնի այն նպաստի վրա, որը ստանում է՝ արդյունք չի ստանա»,- ասաց նա:
168.am-ի հարցին, թե լիարժեք ընտանիքի պայմաններում ապրելու համար հոր դաստիարակությունը ևս էական նշանակություն ունի. ինչպե՞ս են լուծում այդ խնդիրը, Հովհաննես Կոստանյանը պատասխանեց. «Այդ խնդիրը բոլորիս հուզում է արդեն երկար տարիներ: Մենք մշտապես չենք կարող հոր դեր ստանձել, բայց մեր անձնակազմի մեծ մասը տղամարդիկ են, և տղամարդկային ուշադրությունից երեխաները զուրկ չեն: Ավելին ասեմ, ըստ պայմանագրի՝ ես իմ ընտանիքով ապրում եմ այստեղ ու մշտապես հարցերին լուծում եմ տալիս: Մեզ քննադատել են միջազգային կազմակերպությունները՝ ասելով, որ թերի ընտանեկան պայմաններ են, բայց մենք ասում ենք՝ այո՛, գուցե թերի է, բայց ընտանեկան մթնոլորը, ջերմությունը ապահովված է»:
Հատկանշական է, որ մանկական գյուղն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնցից մեկն է «Ընտանիքի ամրապնդման ծրագիրը»: Խոսքը ոչ նյութական օգնության մասին է. հոգեբանը, սոցիոլոգը խոցելի ընտանիքների հետ աշխատանքներ են տանում՝ կանխելով ընտանիքների հավանական քայքայումը:
Հովհաննես Կոստանյանը նշեց, որ պետությունից երբեմն միանվագ օգնություն են ստանում, ու դա շատ ցավալի հարց է. «Արտասահմանյան կառույց է, և արտասահմանցին չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ նա կարող է ստեղծել պայմաններ, հովանավորել, իսկ պետությունն անգամ աջակցություն չի ցուցաբերում, հետաքրքրվածություն չունի այս կառույցի նկատմամբ: Մենք ուշադրության կարիք ունենք, որպեսզի դրսում էլ տեսնեն, որ միայնակ չենք»:
Երեխաների առօրյան հագեցած է անցնում՝ պարի, երգի, նկարչության, սպորտի խմբակներ են գործում, խաղում են Կոտայք գյուղի երեխաների հետ:
Փոքրիկ Ալեքսանդրը որոշել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ դառնալ և իր կուռքն է համարում Ռոնալդոյին: Նա օրվա մեծ մասն անցկացնում է գնդակ խաղալով և վարպետանալով, իսկ ահա Կարինեն մոդելավորող է դառնալու, նրա գեղեցիկ նկարները վկայում են փայլուն ապագայի մասին: Առահասարակ, «ՍՕՍ» մանկական գյուղի երեխաները շատ շնորհալի են, համերաշխ ու ջերմ: 168.am-ի հետ զրույցում ասացին, որ չեն սիրում, երբ ասում են՝ «մանկատան երեխաներ», վիրավորվել են որոշ լրատվամիջոցներից, որոնք այդպես են հրապարակել իրենց կարգավիճակը: