
Հրաչյա Հարությունյանը ցուցմունք տալու պատրաստակամություն է հայտնել

Մոսկվայում հայտնի գործով ձերբակալված Հրաչյա Հարությունյանը հայտարարել է, որ ի վիճակի է ցուցմունք տալ: Այս մասին հայտնում է ռուսական «Life news» լրատվամիջոցը:
Ըստ կայքի` հինգշաբթի օրը` օգոստոսի 29-ին, Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դիմել է գործի քննչական խմբի ղեկավարին և խնդրել հարցաքննել իրեն Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ավտովթարի գործով: «Life news»-ը նշում է, որ վարորդի պաշտպաններն արդեն համապատասխան միջնորդագրով դիմել են Մոսկվայի Հետաքննության գլխավոր վարչություն: «Պաշտպանների խոսքերով` Հարությունյանը ներկա պահին իրեն լավ է զգում և կարող է ցուցմունք տալ»,- գրում է ռուսական կայքը:
Նշենք, որ նախկինում Հրաչյա Հարությունյանը չի կարողացել ցուցմունք տալ` ֆիզիկական և հոգեբանական վատ վիճակում գտնվելու պատճառով:
Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարանը մեղադրանք է առաջադրել Հրաչյա Հարությունյանին` հուլիսի 13-ին Մերձմոսկվայում` Նոր Մոսկվայի տարածքում, տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով զոհված 18 հոգու մահվան գործով: