Ռիմա Դեմիրճյանի հուշերը՝ Կարեն Դեմիրճյանի մասին
Օրեր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում տեղի ունեցած «Դեպի Եվրասիական միություն» խորագրով քննարկումից հետո Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը խնդրեց իրեն ցույց տալ թանգարանը, ինչը սիրով կատարեց Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը:
Նա հյուրին պատմեց ամուսնու կատարած աշխատանքների, նրա մասնակցությամբ հայտնի դեպքերի, բնավորության, նախասիրությունների մասին, ներկայացրեց նաև թանգարանում փակցված ցուցանմուշների հետ կապված դրվագներ: Նախ տիկին Ռիման նշեց, թե Կարեն Դեմիրճյանը «իսկապես ժողովրդական լիդեր էր», ապա ընդգծեց. «Որքան էլ փնտրեք, նրա նման երկրոդին` չեք գտնի: Պատահական չէ, որ մինչ օրս նրան սիրում են, հիշում են, մեծարում են, որովհետև նրա ջանքերն ուղղված են եղել հասարակության բարեկեցությանը»:
Ռիմա Դեմիրճյանը պատմեց նաև Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի հետ կապված մի պատմություն, ըստ որի` Կարեն Դեմիրճյանի առջև պայման էր դրվել գործարանը չփակել միայն փայլաթիթեղ արտադրելու պարագայում. «Այդ ժամանակ ֆոլգա արտադրել սկսել էր միայն Չինաստանը: Կարենը՝ դիմելով տեխնիկական աշխատակազմին, ովքեր բոլորը հուսահատված էին հայտարարությունից, ասաց, թե բարդ է, բայց եթե բարդ է` կանենք: Կարենը բնավորությամբ էր այդպիսին: Ցանկացած դժվարություն նա սիրում էր հաղթահարել: Նրա մոտեցումից հետո ղեկավարությունը ընկրկեց, զիջումների գնաց, բայց Հայաստանն այդ տարիներին առաջին անգամ ֆոլգա արտադրեց, շատ բարակ ֆոլգա»:
Նայելով Ն. Կոսիգինի հետ Կարեն Դեմիրճյանի լուսանկարին, տիկին Ռիման նշեց, որ իր ամուսինը վերջինիս և, առհասարակ, բոլոր պատասխանատու ղեկավարների հետ լավ հարաբերություններ ուներ. «Անդրոպովը, Կոսիգինը պատասխանատու մարդիկ էին, և Կարենը գնահատում էր իրենց: Ասում են, որ Կոսիգինը ևս շատ սիրել է նրան և անգամ երբ նայել է Կարենին, աչքերը փայլել են: Մի դեպք եղավ, որ Կոսիգինը պետք է մեկներ Ախուրյան, բայց Դեմիրճյանը նրան համոզեց չդիմել այդ քայլին ու կենսագրության վրա հետք չթողնել: Կարենը և նա մտերիմ էին ու նրան ասաց, թե մեկնելով` նա հայությանն իր դեմ կտրամադրի, երբ կասի, որ իրենք տարածքի սահմանազատման հետ խնդիր չունեն: Կոսիգինն էլ չմեկնեց, լսեց Կարենին»:
Կարեն Դեմիրճյանի՝ բարեկեցությանն ուղղված աշխատանքների մասին խոսելով, տիկին Ռիման հիշատակեց նաև Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին: Նրա խոսքով` առանց իր ամուսնու` մայրուղին չէր պահպանվի ու չէր կատարի այն հսկայական գործառույթը, որն ունի այսօր. «Նա դեռ այն ժամանակ գիտակցում էր ավտոմայրուղու կարևորության մասին: Մենք Նախիջևանում էինք, ու ինքը այդ ժամանակ՝ 60-ականներին, որոշեց փրկել Մեղրին: 75-ին նա Մեղրիի զարգացման ծրագիր մշակեց: Ընդհանրապես սահմանային գոտիները, եթե չլիներ Կարեն Դեմիրճյանի քաղաքականությունը, վաղուց կորած կլինեին: Նա արտադրական կայաններ դրեց, լգոտային պայմաններ, ապահովեց սոցիալական պայմաններով` դպրոցներ, հիվանդանոցներ»:
Ռիմա Դեմիրճյանը պատմեց նաև 1998 թվականի նախագահական ընտրությունների մասին, որը, ինչպես հայտնի է` տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ Կարեն Դեմիրճյանն առաջադրվեց որպես նախագահի թեկնածու` մրցակցելով Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա ասաց, որ համոզել է ամուսնուն` չմասնակցել այդ ընտրություններին, չվերադառնալ քաղաքականություն, սակայն, ըստ Ռիմա Դեմիրճյանի` «տեսնելով մարդկանց բողոքը», Կ. Դեմիրճյանն, այնուամենայնիվ, որոշել է առաջադրվել` «զգալով, որ մարդիկ ունեն իր կարիքը»:
«Նա չէր կարող չմասնակցել ընտրություններին, չէր կարող չվերադառնալ քաղաքականություն: Նա ինձ երեկոյան հարցրեց` ի՞նչ եմ մտածում… Ես տասը տարի նրան ասում էի, որ միայն իմ դիակի վրայով դու կվերադառնաս քաղաքականություն` այդ անարդար, անշնորհակալ աշխարհ, չեմ ուզում, պետք չի, մենք հազիվ մարդկանց պես ենք սկսել ապրել: Եվ ինքը համաձայն էր, գիտեք, բայց դրսից ճնշումը մեծ էր: Ինքն էլ ներքին պահանջ ուներ օգնելու մարդկանց այդ պարագայում: Ես էլ ասացի, թե երևի ընտրություն չունի` պետք է դուրս գա մարդկանց մոտ, հաշտվեցի ու ուղարկեցի նրան մահվան:
Չգիտեմ` չեմ ներում ինձ: Հետո հանրության հետ հանդիպումները, հավաքները սովորական դարձան: Շատերը համեմատում էին այդ տեսարանը Քրիստոսի ու մարդկանց հանդիպման հետ, որովհետև այնքան մարդ կար` մարդիկ անգամ ոտքով էին գնում, մարզերից, համայնքներից ոտքով գալիս էին նրան տեսնելու»,- պատմեց տիկին Ռիման: