
Ռիմա Դեմիրճյանը՝ Կարեն Դեմիրճյանի մասին. «Հաշտվեցի ու ուղարկեցի նրան մահվան, չեմ ներում ինձ» (տեսանյութ)

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան թանգարում տեղի ունեցած «Դեպի Եվրասիական միություն» խորագրով քննարկումից հետո Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը խնդրեց իրեն ցույց տալ թանգարանը, ինչը մեծ սիրով կատարեց Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը: Նա հյուրին պատմեց ամուսնու կատարած աշխատանքների մասին, նրա մասնակցությամբ հայտնի դեպքերի, բնավորության, նախասիրությունների մասին, ներկայացրեց նաև թանգարանում փակցված ցուցանմուշների հետ կապված դրվագներ:
Ռիմա Դեմիրճյանը պատմեց նաև 1998 թվականի նախագահական ընտրություններից, որը, ինչպես հայտնի է՝ տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ Կարեն Դեմիրճյանն առաջադրվեց որպես նախագահի թեկնածու` մրցակցելով Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա ասաց, որ համոզել է ամուսնուն չմասնակցել այդ ընտրություններին, չվերադառնալ քաղաքականություն, սակայն, ըստ Ռիմա Դեմիրճյանի՝ «տեսնելով մարդկանց բողոքը«, Կ. Դեմիրճյանն, այնուամենայնիվ, որոշել է առաջադրվել` «զգալով, որ մարդիկ ունեն իր կարիքը»:
«Նա չէր կարող չմասնակցել ընտրություններին, չէր կարող չվերադառնալ քաղաքականություն: Նա ինձ երեկոյան հարցրեց` ի՞նչ եմ մտածում… Ես տասը տարի նրան ասում էի, որ միայն իմ դիակի վրայով դու կվերադառնաս քաղաքականություն` այդ անարդար, անշնորհակալ աշխարհ, չեմ ուզում, պետք չի, մենք հազիվ մարդկանց պես ենք սկսել ապրել: Եվ ինքը համաձայն էր, գիտեք, բայց դրսից ճնշումը մեծ էր: Ինքն էլ ներքին պահանջ ուներ օգնելու մարդկանց այդ պարագայում: Ես էլ ասացի, թե երևի ընտրություն չունի` պետք է դուրս գա մարդկանց մոտ, հաշտվեցի ու ուղարկեցի նրան մահվան: Չգիտեմ` չեմ ներում ինձ: Հետո հանրության հետ հանդիպումները, հավաքները սովորական դարձան: Շատերը համեմատում էին այդ տեսարանը Քրիստոսի ու մարդկանց հանդիպման հետ, որովհետև այնքան մարդ կար` մարդիկ անգամ ոտքով էին գնում, մարզերից, համայնքներից ոտքով գալիս էին նրան տեսնելու»,- պատմեց տիկին Ռիման:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: