
Մեծ Բրիտանիան Կիպրոս է ուղարկում վեց «Թայֆուն» կործանիչ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան Կիպրոսում գտնվող Ակրոտիրիի իր բազա է ուղարկում «Թայֆուն» տիպի վեց կործանիչ: Այս մասին այսօր հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ կործանիչները Կիպրոս են ուղարկվել՝ Ակրոտիրիի ավիաբազայի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով և ոչ թե Սիրիայի վրա օդային հարձակումներին մասնակցելու նպատակով.
«Դա զգուշավորության բացառիկ միջոց է, որի նպատակն ինքնիշխան տարածքում մեր ռազմաբազաների ու բրիտանական շահերի պաշտպանության ապահովումն է, երբ տարածաշրջանում աճել է լարվածությունը:
Խոսքը գնում է ռազմական միջոցների փոխադրման մասին, որոնք օգտագործվելու են որպես օդային «որսորդներ»: Դրանք չեն ուղարկվում Սիրիայի դեմ որևէ ռազմական գործողության մասնակցելու համար»:
Մեծ Բրիտանիան 1960 թվականին Կիպրոսի անկախացումից հետո կղզում պահպանել է երկու բազա, որոնցից երկրորդը գտնվում է Դեկելիայում: