Մեղրիում ոռոգման ինքնահոս համակարգ կկառուցվի
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Սյունիք` մարզում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար:
Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Տաթեւի ճոպանուղու Հալիձորի կայան, որտեղ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի, «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, վանական համալիրի հարակից համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ:
Ներկայացվեց վանական համալիրի հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգմանն ուղղված կառուցապատման նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ներկայացուցիչներն ու համայնքների ղեկավարներն իրենց նկատառումները հայտնեցին նախագծի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախագիծը մեկ անգամ եւս կքննարկի շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների կողմից, եւ ստացված առաջարկությունները հաշվի կառնվեն այն լրամշակելիս:
Քննարկվեցին նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված ութ համայնքներում աղբահանության կազմակերպման, այդ նպատակով անհրաժեշտ միջոցների ներգրավման աղբյուրների, ինչպես նաեւ անտառային հատվածի սանիտարական վիճակի եւ մաքրության պահպանման հետ կապված հարցեր:
Ա. Գեւորգյանն այնուհետեւ մեկնեց Մեղրիի տարածաշրջան, եղավ Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման վայրում: Լեհվազ համայնքի տարածքում, որտեղ պետք է լինի համակարգի գլխամասը, փոխվարչապետին ներկայացվեց ինքնահոս համակարգի նախագիծը:
Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրն իրականացվում է «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակում` Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Նախատեսվում է կառուցել 32 կմ երկարությամբ ինքնահոս համակարգ, որը Մեղիի, Ագարակի եւ հարակից համայնքների համար կապահովվի կայուն ջրամատակարարում, ինչպես նաեւ զգալի կնվազի էլեկտրաէներգիայի ծախսը: Համակարգի կառուցման համար տարածաշրջանում առկա են անհրաժեշտ պայմաններ. նախատեսվում է, որ ջուրը կվերցվի Մեղրի գետից:
Ներկայումս տարածաշրջանի ոռոգումն իրականացվում է 18 պոմպակայանների միջոցով, որոնք ջուր են մղում Արաքսից: Պոմպակայաններն արդեն ֆիզիկապես մաշված են, իսկ դրանց շահագործումը բավականին ծախսատար է: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ առաջիկայում կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ, եւ հաղթող ընկերության որոշումից հետո համակարգի կառուցումը կմեկնարկի: Ա. Գեւորգյանը կարեւորեց աշխատանքների` ժամանակացույցի համաձայն իրականացումը` ընդգծելով համակարգի անհրաժեշտությունը տարածաշրջանի գյուղացիական տնտեսությունների համար:
«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը», որի վերաբերյալ համաձայնագիրը ԱԺ կողմից վավերացվել է 2013թ. հունիսին, ուղղված է ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Բացի Մեղրիի ինքնահոս համակարգից, ծրագրով նախատեսվում է նաեւ Քաղցրաշենի եւ Գեղարդալճի ինքնահոս համակարգերի կառուցում:
Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն անցկացրեց Մեղրիի քաղաքապետարանում, որին մասնակցում էին նաեւ տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Քննարկվեցին համայնքներում իրականացվող ծրագրերին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, գյուղմթերքի իրացմանը, աշնան գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:
Օգոստոսի 28-ին Ա. Գեւորգյանը կայցելի մարզկենտրոն Կապան, կծանոթանա այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին