
Սիրիայի ապստամբները 48 ժամով անվտանգության երաշխիքներ են տվել ՄԱԿ-ի փորձագետներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետներին 48 ժամով տվել է անվտանգության երաշխիքներ՝ երկրում քիմիական զենքի կիրառումը ստուգելու համար: Այս մասին հայտարարել է Սիրիական ազգային դաշինքի մամլո քարտուղար Խալեդ Սալեհը:
Վերջինս ընդգծել է, որ իրենք ՄԱԿ-ի փորձագետներին երաշխավորել են անվտանգություն իրենց կողմից վերահսկվող տարածքներում: Այս հայտարարությունը հնչել է որպես ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի այն հայտարարության, որ ընդդիմությունը դեռ ոչինչ չի արել ՄԱԿ-ի ներկայացուցիչների անվտանգության համար:
Սալեհը հավելել է, որ իրենց մոտ են գտնվում օգոստոսի 21-ին իրականացված քիմիական հարձակման զոհերի հյուսվածքների նմուշները, որոնք փորձաքննության համար հանձնվելու են ՄԱԿ-ի փորձագետներին: