Ոչ մի առյուծ չի լափում այնքան, որքան դու. Աշոտ Մանուչարյանը սթափվելու կոչ է անում
«Եթե այն, ինչ կատարվում էր այնտեղ, Արցախ էր, այսօր այստեղ Ավարայր է»,- այսօր Ազատության հրապարակում` ազատամարտիկների կազմակերպած հանրահավաքին, հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Ավարայրի ճակատամարտից հետո մենք երբեք վայր չենք դրել մեր հոգու դրոշը: Հայը նա է, ով միշտ դիմադրում է, չկա մեկը, ով կարողանա ներխուժել այն միջնաբերդը, որը կոչվում է հայի հոգի: Կարող է` շատերի հոգիները խռովված են, բայց եթե կոչ է արվում, ոտքի է կանգնում ողջ Հայաստանը: Ով հիմա ոտքի է կանգնած, թող մի վայրկյան անգամ չվհատվի, մի վայրկյան անգամ չկասկածեք` սա հաղթական երթ է, սա Ավարայրի երթն է»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Իրեն հատուկ ոճով Մանուչարյանը նշեց, որ Հայաստանի հակառակորդն այսօր աշխարհի մեջ բարձրացած չարն է:
«Մենք տեսնում ենք մարտահրավերներ հազարավոր տեղերում, ազատամարտի վետերանները, ովքեր ոտքի կանգնեցին և այսօր մոբիլիզացիա են անում ամբողջ հայոց աշխարհով, կարողացան ոտքի կանգնեցնել առաջին հերթին ազատամարտիկներին, բայց ինչ վերաբերում է մյուս դասերին, առաջին հերթին` մտավորականությանը, երիտասարդությանը, այստեղ գործերը մի քիչ ավելի հապաղում են: Ինչ կարող եմ ասել մտավորականության հավաքագրման մասին, եթե լուրեր են հասնում մի համակարգային հարվածի մասին, որը պատրաստվում է ընդդեմ մեր երկրի, և ես չեմ տեսնում հավաքագրված մտավորականությունը, որը դիմակայում է դրան: Խոսքս վերջին օրերին Հայ եկեղեցու դեմ կատարվող մեծագույն քայքայիչ գործողության մասին է…
Պրոբլեմներ կան նաև եկեղեցում` և´ անհատական, և´ խմբակային, բայց կարևորն այն է, որ Հայոց եկեղեցին միշտ կա և պետք է մնա որպես մեր հավաքական, ազգային ուժի, ոգու շտեմարան, և եթե նա ունի դժվարություններ, դա չի նշանակում, որ որևէ մեկին թույլ է տրված եկեղեցու դժվարությունները վերածել խառնակչության»,- նշեց Մանուչարյանը:
Աշոտ Մանուչարյանը խոսեց նաև իր առաջարկած պայքարի կոնկրետ քայլերի մասին` ներկայացնելով մի քանի քայլեր:
Առաջինը, ըստ նրա, Հայաստանը չի լինելու սպասարկող երկիր, այլ լինելու է արդյունաբերության, գիտության, կրթության, ստեղծագործության երկիր: Մանուչարյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է վերականգնի երկրի արդյունաբերությունը և հիմնական շեշտը պետք է դնի քիմիական արդյունաբերության վրա, որն ամբողջովին մրցունակ է և կարող է գործել, առաջին հերթին` նա նկատի ուներ «Նաիրիտ» գործարանը:
«Մենք պետք է կարողանանք ունենալ աշխատող «Նաիրիտ»: Ինչո՞ւ չի աշխատում այդ գործարանը, եթե ամեն ինչ, կարծես, կա: Ո՞րն է պատճառը. պատճառը մեկն է, հերթական բանդիտական գործարքը ռուսական ինչ-ինչ կառույցի և Հայաստանի ինչ-ինչ կառույցի միջև, արդյունքում գործարանը կանգնած է: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և առաջինը պետք է լինի, որ մեզ հետ միասին ոտնատակ տա այդ բանդիտական գործարքները: Հայաստանի կողմից այս հարցը պետք է բարձրացնի ազատամարտիկը»,- նշեց նա:
Աշոտ Մանուչարյանը նաև առանձնացրեց գիտության և գիտնականների խնդիրը` հիշեցնելով, որ ժամանակին Հայաստանն ունեցել է շուրջ 70 000 գիտնական` այսօրվա 7000-ի փոխարեն: Իսկ գիտության վերականգման ֆինանսավորումը, Մանուչարյանի խոսքով, պետք է լինի երկրի հանքային հարստությունը ժողովրդին վերադարձնելու շնորհիվ:
«Մեր հանքերը չեն պատկանում մեր ժողովրդին, հանքերն անխնա թալանվում են: Ինչպես Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներում… մինչև չեկան Չավեսի պես մարդիկ, և ժողովրդի ստացած 2-3 տոկոս եկամուտը վերածեցին 85-90 տոկոսին, նույնը պետք է մենք անենք և դրանով լուծենք այս երկրի բոլոր հարցերը»,- ասաց Ա. Մանուչարյանը:
Վերջում Ա. Մանուչարյանը պատմեց արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի` Գուրգեն Բոյաջյանի մասին և նրա կյանքից բերելով մի օրինակ` բոլորին սթափվելու կոչ արեց:
«Մեր ազատամարտիկները հայտարարել են մոբիլիզացիա, այդ մոբիլիզացիան ոչ միայն իրենց համար է, ես արդեն որևէ կասկած չունեմ, նրանք պտտվում են Հանրապետությունով մեկ, դա ուղղված է նաև մեզ` հասարակ քաղաքացիներիս, մտավորականներին, քաղաքական գործիչներին: Ի՞նչ է նշանակում` վեր ընկած ենք տներում, երբ հայրենիք ենք կորցնում, երբ ամեն ինչ փչացվում է, ուրացվում է: Այսօր բոլորս Գուրգեն Բոյաջյան ենք, այսօր բոլորս այնպիսի մարդիկ ենք, որ հասկանում ենք` կողքներս վհատված կա, չհասկացող կա: Կա խոզը, որը լափում է, տարել՝ տունը առյուծ է կապել, թե տեսեք` ինչ հզոր մարդ եմ ես, առյուծների տեր եմ, ես էլ առյուծ եմ: Լսի´ր, կողքինիդ արդեն փիսիկ ես դարձրել, որովհետև ոչ մի առյուծ չի լափում այնքան, որքան դու: Բայց ախր դու էլ փիսիկ ես, մի հատ փըշտ ասենք, փախչելու ես: Այս ամենը Հայաստանում այլևս անկարելի է: Այս ամենին պետք է վերջ տանք անհապաղ: Նորից եմ կրկնում` Ավարայր է, և Ավարայրում բոլորս մարտիկ ենք»,- եզրափակեց Աշոտ Մանուչարյանը: