Հայ աստղագետները` աշխարհի վերջի մասին
Ըստ ռուսական «Собеседник» թերթի՝ Էդվարդ Սնոուդենը նախազգուշացրել է աշխարհին սպառնացող նոր աղետի մասին: Թերթի հաղորդմամբ՝ մոտ 100 տարի առաջ Գրիգորի Ռասպուտինը, ով համարվում էր ժամանակի պայծառատեսներից մեկը, կանխատեսել է Երկիր մոլորակի վրա շարժվող մահաբեր կրակե փոթորիկ, որը կարող է վերացնել աշխարհի երեսին գտնվող կենդանի ամեն ինչ: Ըստ Ռասպուտինի` այդ օրը 2013թ. օգոստոսի 23-ն է: Սա համացանցում շրջանառվող աշխարհի վերջի նոր ամսաթիվն է:
Ժամանակակից մասնագետներն էլ նշում են, որ արևի վրա վերջին ամիսներին իսկապես տարօրինակ երևույթներ են տեղի ունենում: Այն մասին, որ հսկայական աստղը մարդկության համար տհաճ անակնկալ է պատրաստվում մատուցել, մասնագետները խոսել են դեռևս անցյալ տարեսկզբին, երբ հրապարակվեցին Արևի վրա հայտնաբերված մեծ անցքի լուսանկարները: Իսկ այս տարվա լուսանկարները, որոնք արվել են արևից, վկայում են անցքի ծավալի մեծացման մասին: Երկիր մոլորակի վրա արևի էներգիայի ժայթքումը մեծ ծավալներով, ըստ մասնագետների, տեղի կունենա օգոստոսին, իսկ դրանից բխող մագնիսական փոթորիկի ալիքի ուժգնության մասին կարելի է միայն ենթադրել` հաշվի առնելով, որ անհասկանալի սև անցքի չափերը 80 անգամ գերազանցում են Երկիր մոլորակի չափերին:
168.am-ը փորձեց այս կանխատեսման մասին մեկնաբանություն ստանալ մասնագետներից:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, աստղագետ Արեգ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տեղեկությունն առհասարակ չի համապատասխանում իրականությանը: «Սա հերթական աշխարհի վերջի մասին ինտրինգն է, որը ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ են դնում: Բնական է, եթե փորփրեն՝ միշտ էլ ինչ-որ մեկը՝ ինչ-որ մի ամսաթվի համար ինչ-որ բան ասած կլինի, սակայն իրականում անլուրջ է արևի ակտիվության վերաբերյալ խոսել տարիներ առաջ, առավել ևս 100 տարի առաջ կանխատեսել դա: Ասում են նաև, որ իբր ամերիկացի գիտնականները 14 տարի առաջ գիտեին այդ մասին: Դա ևս, որպես աստղագետ, միանշանակ բացառում եմ»,- ասաց Ա. Միքայելյանը:
Ինչ վերաբերում է այն տեղեկությանը, որ արևի վրա վերջին ամիսներին իսկապես տարօրինակ երևույթներ են տեղի ունենում, և որ դեռևս նախորդ տարվա սկզբին մասնագետները հրապարակել են Արևի վրա վրա հայտնաբերված մեծ անցքի լուսանկարները, Ա. Միքայելյանը նշեց. «Այն, ինչ նկատել են՝ ջերմաստիճանի որոշ տարբերություն ունեցող արեգակի մակերևույթին տեղի ունեցող երևույթներ են, որոնք այդպիսի տպավորություն են թողել, և որը կոչել են սև անցք: Դա ընդհնարապես անլուրջ է. իրոք շատ մեծ զանգվածով և մեծ խտությամբ մարմիններ կան տիեզերքում, որոնք ամեն ինչ կլանում են և իրենց շուրջ եղածը ասես քաշում են իրենց մեջ: Բայց մեր շրջակայքում նման սև անցքեր չկան: Աստղագիտության մեջ մենք դրանք կոչում ենք սև խոռոչներ»,- ասաց Ա. Միքայելյանը` նշելով, որ տարածված տեղեկությունը որևէ լուրջ բան իրենից չի ներկայացնում, բայց իսկապես, պետք է զգույշ լինել, քանի որ արեգակի ակտիվ շրջանն է, որը սովորաբար մեկ շաբաթ է տևում:
«Հայտնի է, որ արևի ակտիվությունը ունի 11-ամյա պարբերաշրջան (ցիկլ) և այդ ակտիվությունն անընդհատ ավելանում և պակասում է: Այժմ մենք իրոք արևի առավելագույն ակտիվության փուլում ենք: Այսինքն`համեմատաբար հաճախ են արեգակի վրա հայտնվում արևաբծերը, բռնկումները, հրվիժակները, կան բազմաթիվ ակտիվության երևույթներ, որոնք տարբեր անուններով են կոչվում: Ամենահզորները` բռնկումներն ու հրվիժակերն են, որոնց տարբերությունը երկրի վրա, իհարկե, զգում ենք: Օրինակ, այս վերջին մեկ-երկու տարում մի քանի անգամ արեգակնային բռնկումների մասին տեղեկություն եղել է և այդ ժամանակ կոնկրետ ասվել է, թե արևն ինչպիսի՞ ազգեցություն է թողնում»,- ասաց Ա. Միքայելյանը` նշելով, որ շատ հզոր մագնիսական բռնկման արդյունքում կարող են լինել ռադիոկապի խանգարումներ, անգամ էլեկտրացանցերի, էլեկտրակայանների աշխատանքը կարող է խափանվել: Աստղագետը նշեց, որ երբ մասնագետները արևի վրա որևէ բան են տեսնում` որևէ բռնկում, ապա անմիջապես հայտնում են դրա մասին: «Այնպես որ, այդ ամենը լուրջ չէ, դա չի կարելի կապել աշխարհի վերջի հետ, կամ էլ՝ բավական է ընդամենը մի քանի օր սպասել, օգոստոսի 23-ը գա և կտեսնենք, որ սա ևս հերթական անլուրջ ինտրիգն է»,- ասաց Ա. Միքայելյանը:
Մեզ հետ զրույցում այդ տեղեկատվության մասին գրեթե նույն գնահատականը տվեց նաև ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար, աստղագետ Ավետիք Գրիգորյանը:
«Եթե անգամ մենք խոսում ենք, օրինակ, արեգակի շուրջ որևէ մոլորակի պտույտի մասին և հստակ գիտենք այդ շարժման օրենքը, միևնույն է, լինում են շատ թույլ խոտորող գործոններ, որոնք թույլ չեն տալիս բավարար ճշտությամբ այդքան երկար ժամանակահատվածով կանխատեսել նման երևույթը, օրինակ, թե ի՞նչ է սպասվում 100 կամ 200 տարի հետո: Այսինքն` ժամանակի ընթացքում փոփոխություններ լինում են, կոնկրետ մոլորակների շարժումների դեպքում դա քիչ է, ուստի հստակությունը մեծ է և մենք կարող ենք ասել, որ օրինակ`100 տարի հետո այսինչ ճշտությամբ Յուպիտերը որտեղ կգտնվի: Սակայն այդ դեպքում ևս դժվար է, իսկ արեգակի դեպքում մենք ընդհանրապես շատ հեռու ենք պատկերացնելուց, թե ընդերքում ի՞նչ կանոնավոր պրոցեսներ են տեղի ունենում, որպեսզի կարողանանք կանխատեսել և 100 տարի առաջ ասել, թե ինչ կլինի 100 տարի հետո»,- ասաց Ա. Գրիգորյանը`նշելով, որ շատ անկանոն երևույթներ են տեղի ունենում, և միակ բանը, որը քիչ թե շատ կանոնավոր է՝ արևի ակտիվության 11-ամյա ցիկլն է:
Ա. Գրիգորյանը նշեց նաև, որ այժմ զարգացել են տեղեկատվական տեխնոլոգիաները, և նման լուրեր հրապարակելիս պետք է շատ զգույշ լինել: Այսօր տեղեկատվությունը ինտերնետի միջոցով ավելի հասանելի է դառնում մարդկանց և այդպիսի մի լուրը կարող է համաճարակի պես տարածվել, խուճապի մատնել մարդկանց: Ըստ աստղագետի` երբեմն նման տեղեկատվության հրապարակումը միտում ունի մարդկանց որոշակի հարցերից շեղելու: Կամ այդ սենսացիոն լուրերը հրապարակող լրատվամիջոցները ընթերցողներ են գրավում: «Այսինքն` սենսացիոն լուր գրելուց, անկախ նրանից՝ այդ սենսացիան օբյեկտի՞վ է, թե՞ ոչ, նրանք գումարներ են վաստակում, սակայն երբեմն մարդիկ կան, որոնք չիմանալով այդ ամենի մասին, կարող են հասնել անգամ հիստերիայի»,- ասաց Ա. Գրիգորյանը: