
Եթե սա է երկրի կառավարությունը, ապա ես լուրջ ասելիք ունեմ հանրապետության նախագահին (տեսանյութ)

«Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես անդրադարձավ ձեռնարկությունում իրականացվող բնապահպանության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և Սյունիքի դատախազության վերջին քայլերին:
Ըստ Հրաչ Ջաբրայանի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ավելի դժվար է հանդիպել, քան երկրի նախագահին: «Ի՞նչ ստուգումներ է իրականացնում, ինչի՞ համար, ո՞ր խախտման համար և այսօր էլ հայտարարում է, որ «Դանդի Փրեշս Մեթլս Կապան»-ը Շահումյանի հանքավայրում ճանապարհ կառուցելու համար չի դիմել նախարարությանը…: Պարոն Հարությունյան, բարի եղեք հանդիպել խոշոր ձեռնարկության տնօրեններին ու անձամբ ճշտեք՝ ինչն ինչոց է: Ես գումարներ ավելորդ չունեմ ձեզ տալու»,- ասաց Հրաչ Ջաբրայանը:
Ըստ նրա՝ մոտ երեք ամիս առաջ ՊԵԿ-ի ներկայացուցիչները զինված մտել են ընկերության տարածք, առգրավել համակարգիչներն ու տարել: «ՊԵԿ-ի նախագահին եմ ասում, մեզ մոտ կրիմինալներ չկան, դուք խուլիգանի պահվածք դրսևորեցիք: Զարգացած երկրներում խուլիգանական շարժումներն են այդպես լինում: Դուք մտել եք կրթված մարդու մոտ, բարի եղեք գործել քաղաքավարի»,- ասաց Ջաբրայանը: Վերջինս չթաքցրեց, որ նեղված է կառավարության պահվածքից:
«Հավատացեք, օտարերկրացի սեփականատիրոջը դժվար է համաոզել, որ ներդրում անի այս պայմաններում: Սա կբերի աշխատողների կրճատում, արտագաղթի մեծացում: Այսօր մեզ պետք է 900 աշխատող, բայց 1200 ենք աշխատում: Էլ ո՞նց ներդրում անեք, ի՞նչ սրտով աշխատենք»,- հայտարարեց նա՝ վստահեցնելով, որ ճնշումների չի ենթարկվելու:
Ի դեպ, Հրաչ Ջաբրայանին զարմացրել է նաև Սյունիքի մարզային դատախազության դատախազ Գարիկ Դանիելյանի պահվածքը: Վերջինս լրատվամիջոցներով տարածել է, որ քրեական գործ է հարուցվել ընկերության դեմ: «Կանադայից զանգում է ներդրողը՝ ասում է Հրաչ, ի՞նչ է կատարվում, պատասխանում եմ՝ տեղյակ չեմ: Միայն հաջորդ օրը պաշտոնապես ստացա: Ու ասեմ՝ ես էի անցած տարի դիմել դատախազություն, որ սաբոտաժ են անում ընկերության դեմ: Փաստորեն, ուզում են ուղղել մեր դե՞մ»,- ասաց գլխավոր տնօրենը՝ հերքելով, որ քրգործ է հարուցված:
Վերջինս դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրանքով հանդիպել և ներկայացնել ստեղծված իրավիճակը: ՀՀ նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ ժամանակ ունենալու դեպքում անպայման նախագահը կհանդիպի տնօրենին: «Եթե երկրի կառավարությունը սա է, այսպես է աշխատելու, ապա ես լուրջ ասելիք ունեմ հանրապետության նախագահին: Զինված մտնում ես իմ տարածք, ինչ է, ուրիշների նման ես ալ իմ տանը զենք-զինամթերք ունեմ պահած»,- նշեց Ջաբրայանը:
168.am-ի հարցին, թե արդյոք մինչ նախագահին հանդիպելը՝ չե՞ք փորձել Ձեր դիտարկումները ներկայացնել երկրի վարչապետին, նա խատասխանեց. «Նախընտրում եմ աշխատել երկրի նախագահի հետ, քանի որ նա է երկրի հայրը և հոր հետ ավելի հեշտ է»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում: