Բաժիններ՝

Կառավարությունից ու մարզպետից գոհ ու բավարարված ենք. Միրաքի գյուղապետի պատասխան-նամակը գյուղացու դժգոհություններին

168.am-ի հետ զրույցում Արագածոտնի Միրաք գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 75-ամյա Նուրի Հասոյանը բազմաթիվ խնդիրներ էր մատնանշել, որոնք, ըստ նրա՝ առկա են իրենց համայնքում: Մասնավորապես՝ նա դժգոհում էր տեխնիկա չլինելու, պետական ծրագրերով համայնքին դիզվառելիք, պարարտանյութ և սերմացու չհատկացնելու մասին: Այս հրապարակման անմիջապես արձագանքեցին Արագածոտնի մարզպետարանից՝ ասելով, թե Նուրի Հասոյանի ասածներն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը:

Արագածոտնի մարզի Միրաքի գյուղի գյուղապետ Ալիկ Նամոյանը 168.am-ն պատասխան-նամակ է հղել, որտեղ ասվում է. «Կարդալով 168.am-ի՝ Միրաք գյուղի բնակիչներին հատկացվելիք ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելիքին վերաբերող նյութը, մեծ զարմանք ու անակնկալ ապրեցի: Պատճառը կայանում է նրանում, որ կառավարության կողմից համայքներին հատկացվելիք վերոհիշյալ աջակցության ծրագրի մասին մեր համայնքում բազմաթիվ անգամ իրազեկումներ ենք իրականացնել: Մեր համայնքը փոքրաթիվ տնտեսություն ունի, և մենք անհատապես տեղեկացրել ենք այդ մասին գրեթե բոլոր բնակիչներին: Սակայն, այդ ամենից հետո էլ, բնակիչների մեջ չեղան դիզվառելիք ստանալու ցանկություն հայտնողներ, իսկ ազոտական պարարտանյութի պահանջ ներկայացրեց ընդամենը 3 տնտեսություն, որոնք էլ ստացել են իրենց հասանելիքը: Այնպես որ՝ ձեր հոդվածում և տեսանյությում ներկայացրած կարծիքները իրականության հետ չեն համապատասխանում: Հավելեմ, որ մեր գյուղը մշտապես գտնվել է կառավարության, մարզի ղեկավարության և անձամբ մարզպետ Սարգիս Սահակյանի ուշադրության ներքո: Այնպես որ, այդ առումով մենք գոհ և բավարարված ենք»: Ի դեպ, գյուղապետի նամակը 168.am-ն փոխանցել են Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բնականաբար, ողջունելի է գյուղապետի արձագանքը իր համայնքում տեղի ունեցող դժգոհությունների վերաբերյալ, սակայն փաստ է, որ Միրաքի (թեկուզև փոքրաթիվ բնակչություն ունեցող, ինչպես նշել է գյուղապետը) բնակիչ Նուրի Հասոյանը տեղյակ չէ, որ կառավարությունը օժանդակություն է ցուցաբերում նաև Միրաք համայնքին: Հակառակ դեպքում՝ 75-ամյա գուղացին չէր դժգոհի դրա բացակայությունից:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս