ՀՊՃՀ-ում օգոստոսի 10-ից սկսվում է հեռակա ուսուցման դիմում-հայտերի ընդունումը
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ), համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2012թ. հուլիսի 27-ի «ՀՀ պետական բուհերի հեռակա ուսուցման ընդունելության կանոնները հաստատելու մասին» թիվ 753-Ն հրամանի և ՀՀ ԿԳ նախարարի 2013թ. օգոստոսի 5-ի «ՀՀ պետական բուհերի 2013 թ. հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի հաստատելու մասին» թիվ 1011-Ա/Ք հրամանի, հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով 2013-2014 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն:
Համալսարան վճարովի մրցութային հիմունքներով հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ մասնագիտությունների նախարարության կողմից հաստատված տեղերի:
Քննությունները կանցկացվեն սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ քննաթերթով նախատեսված օր(եր)ին համապատասխան:
Քննությունների արդյունքում մրցույթային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն կտրվի`
- տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին,
- բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
- դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
- բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
- դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
- տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև 2013թ. սեպտեմբերի 20-ը՝ յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-ից մինչև 17:00-ն:
2013-2014 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման մասնագիտությունների ցանկին և պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ` այցելելով ՀՊՃՀ պաշտոնական կայք` www.seua.am: