Սամվել Հարությունյան. Արմեն Կարապետյանի թեկնածությունը Սուրիկ Խաչատրյանի սրտով է եղել
Ինչպես հայտնի է, երկու օր առաջ Կապանում տեղի է ունեցել ՀՀԿ մարզային կառույցի նիստը, որը վարել է կուսակցության մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նիստից հետո հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ի Սյունիքի տարածքային կառույցը տվել է իր համաձայնությունը, որ թիվ 38 ընտրատարածքում տեղի ունենալիք արտահերթ ընտրություններում առաջադրվի Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում՝ այն փաստը, որ հունիսի 1-ի հայտնի կրակոցներից և սպանությունից հետո Սուրեն Խաչատրյանը դեռ նիստեր է գումարում և որոշումներ կայացնում՝ ոչ տարօրինակ, բայց զարհուրհելի է համարում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
«Եթե նիստեր անում է, ուրեմն՝ ունի իրավասություն, տաօրինակ չէ, վրդովվեցուցիչ է: Այո՛, Հայաստանում այդպես է վիճակը, մարդը կարող է կատարել բազմաթիվ ծանրագույն հանցագործություններ, և հերթական հունիսի 1-ի զազրելի հանցագործությունը և դրանից հետո ոչ միայն ձերբակալվել, այլև անգամ պաշտոնից չի հեռացել և շարունակում է իր գործունեությունը: Միայն մարզպետի պաշտոնից է ազատվել, իսկ մնացած պաշտոնները պահպանել է, և չենք տեսնում որևէ միտում, որ ՀՀԿ վերնախավը, մասնավորապես դրա նախագահը՝ Սերժ Սարգսյանը կանխի այդ արգահատի ընթացքը», -ասել է նախկին քաղաքապետը:
«Նման ոճիրներից հետո նա շարունակում է պահպանել այդ կուսակցության մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև Գորիսի համալսարանի պետական կառավարման խորհրդի, ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի համանախագահի, մի շարք ՀԿ-ների նախագահների պաշտոնները»,- շարունակել է նա: Սամվել Հարությունյանի խոսքերով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի մյուս համանախագահն է, ուղղակի համարձակություն չունի ազատվելու Սուրիկ Խաչատրյանից:
Ա.Հարությունյանին զարմացրել է նաև այն հանգամանքը, որ նիստին մասնակցող անձանցից և ոչ մեկը համարձակություն չի ունեցել ասելու, որ չի ցանկանում մասնակցել այդ նիստին: «Դա ուղղակի ողբալի է, ես չեմ նախանձում Հանրապետական կուսակցությանը, որ նման դրվածք է տիրում իր կառույցում»:
Սամվել Հարությունյանը ասել է, որ անձնապես չի ճանաչում Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին, հետևաբար՝ նրա մասին խոսելը ճիշտ չի համարում: «Երբ որ չեմ ճանաչում, որպես կանոն խուսափում եմ այդ մարդու մասին կարծիք հայտնել, բայց փաստն այն է, որ նա ՀՀԿ անդամ է, և ինքը 2 օր առաջ լրատվամիջոցներով հայտարարեց, որ շատ լավ հարաբերությունների մեջ է Սուրիկ Խաչատրյանի հետ: Հանրահայտ է, որ նա Սուրիկ Խաչատրյանի սրտով է եղել, դա նոր բան չէ: Մի քանի տարի առաջ, երբ նա ընտրվեց ամեն ջանք գործադրեց, որ Արմեն Կարապետյանը դառնա Կապանի քաղաքապետ: Ամենայն հավանականությամբ, Սուրիկ Խաչատրյանի համար շատ ավելի լավ կլիներ, որ իրեն առաջադրեին, բայց քանի որ այդպես չի եղել, և իր համար երևի հաջորդ ամենացանկալի թեկնածուն Արմեն Կարապետյանն է եղել»:
Կարդացեք այստեղ.