Իսրայելա-պաղեստինյան բանակցությունները կվերսկսվեն օգոստոսի 14-ին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելա-պաղեստինյան բանակցությունները կվերսկսվեն օգոստոսի կեսին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Վերջինիս խոսքերով՝ իսրայելա-պաղեստինյան բանակցությունները վերսկսվելու են օգոստոսի 14-ին, Երուսաղեմում, ապա շարունակվելու են Իերիխոնում (Պաղեստին):
Պսակին մանրամասնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չի մասնակցելու տվյալ հանդիպումներին, ինչպես որ արել է եռամյա ընդմիջումից հետո օրեր առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած նրանց առաջին հանդիպման պարագայում:
Սրանից առաջ Ջոն Քերին հայտարարել է, որ կողմերը հարցի լուծումը պետք է գտնեն 9 ամսվա ընթացքում: