
Մենք կհասնենք Վրաստանի ապաօկուպացմանը. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վրացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է, որ իրենք հասնելու են Վրաստանի ապաօկուպացմանը.
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնելուն, ապա այդ հարցը կարող է հայտնվել օրակարգում այն բանից հետո, երբ մենք լուրջ առաջընթաց կգրանցենք Վրաստանի տարածքային ամբողջականության ճանապարհին:
Մենք լավ հասկանում ենք, որ այդ խնդիրը չի լուծվի ձեռքի մեկ շարժումով: Վստահ եմ, որ այդ հարցում մեզ գործուն օգնություն կցուցաբերեն մեր ռազմավարական գործընկերները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ի երկրները և միջազգային կառույցները:
Մենք քանիցս հայտարարել ենք և ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Վրաստանի արևմտյան կողմնորոշումը, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելը հանդիսանում է մեր ժողովրդի ռազմավարական ընտրությունը և չունի այլընտրանք:
Ես համոզված եմ, որ մենք անպայմանորեն կհասնենք այդ նպատակին: Մենք կհասնենք Վրաստանի ապաօկուպացմանը, կվերականգնենք հարաբերությունները մեր եղբայրների՝ աբխազների ու օսերի հետ և կստեղծենք այնպիսի երկիր, որով կհպարտանան բոլորը»: