Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ ծառայությունները որոշել են ձերբազատվել «սիսադմինների» մեծ մասից

Huffington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը երեկ հայտարարել է, որ պլանավորել է աշխատանքից հեռացնել համակարգի ադմինիստրատորներից 90 տոկոսին: Նրանց աշխատանքն իրականացնելու են համակարգիչները:

Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Քեյթ Ալեքսանդերը կիբերանվտանգությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ իրենք դրանով իսկ ցանկանում են կրճատել գաղտնի տեղեկատվությանը մուտք ունեցող մարդկանց քանակը:

Ալեքսանդերը չի նշել, որ դա կապված է Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հետ, սակայն ընդգծել է, որ հատուկ ծառայությունների աշխատանքը հիմնված է գաղտնի տեղեկատվությանը մուտք ունեցող մարդկանց վստահելու վրա: Նա հավելել է, որ այդ վստահությունը չարդարացրած մարդիկ կարող են վիթխարի վնաս պատճառել երկրին.

«Ներկայումս Ազգային անվտանգության գործակալությունում աշխատում է մոտ 1000 համակարգի ադիմինիստրատոր: Նրանց մեծ մասին կարելի է փոխարինել նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ: Դա համակարգչային ցանցերը կդարձնի առավել կայուն ու անվտանգ:

Որպես անվտանգության հավելյալ միջոց՝ Ազգային անվտանգության գործակալությունում ոչ վաղ անցյալում մտցվել է նոր կանոն, որը համակարգի ադմինիստրատորներին պարտադրում է գաղտնի տեղեկատվության մշակման ժամանակ աշխատել գործընկերների ներկայությամբ»:

Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենը նախկինում աշխատել է որպես Ազգային անվտանգության գործակալության համակարգի ադմինիստրատոր, ինչպես նաև համագործակցել է ԿՀՎ-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս