Բաժիններ՝

Այսօր Ճապոնիայում հարգում են Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի Նագասակի քաղաքում այսօր հարգում են 1945 թվականի օգոստոսի 9-ի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը: Հիշատակման արարողությունն անցկացվելու է քաղաքի կենտրոնում գտնվող Խաղաղության այգում:

Այն մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 11.02-ին. 68 տարի առաջ հենց այդ ժամանակ քաղաքի վրա ընկավ ամերիկյան ատոմային ռումբը: Ողջ Ճապոնիայում հայտարարվելու է լռության րոպե: Ելույթներ են ունենալու Նագասակիի քաղաքապետ Տոմիխիսա Տաուեն, ապա երկրի վարչապետ Սինձո Աբեն:

Միջոցառման վերջում ավանդաբար երկինք են ուղարկվելու սպիտակ աղավնիներ՝ խաղաղության խորհրդանիշներ: Միջոցառմանը մասնակցելու են 47 երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ:

Հիրոսիմայից հետո Նագասակին դարձավ Ճապոնիայի երկրորդ քաղաքը, որը 1945 թվականի օգոստոսին ենթարկվեց ամերիկյան ատոմային հարձակման: Ուշագրավ է, որ սկզբնական շրջանում մայոր Չառլզ Սուինիի գլխավորած B-29 ռմբակոծիչի թիրախում է գտնվել Կոկուրա քաղաքը, որը գտնվում է Կյուսյու կղզու հյուսիսային հատվածում:

Սակայն հանգամանքների բերումով 1945 թվականի օգոստոսի 9-ի առավոտյան Կոկուրայի երկնքում գրանցվել է ուժեղ ամպամածություն, ինչի պատճառով էլ Սուինին որոշել է ինքնաթիռն ուղղել հարավ-արևմուտք և ուղղվել Նագասակի:

Այստեղ եղանակը նույնպես բարենպաստ չի եղել, և այնուամենայնիվ որոշվել է քաղաքի վրա նետել «Հաստլիկ» անունը ստացած ատոմային ռումբը: Այն իր հզորությամբ գրեթե կրկնակի գերազանցել է դրանից երեք օր առաջ Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբին:

Սակայն ոչ դիպուկ նշան բռնելը և տեղանքի ռելիեֆի առանձնահատկությունը որոշակիորեն նվազեցրել են պայթյունի պատճառած վնասի չափը: Եվ այնուամենայնիվ, ատոմային ռմբակոծության հետևանքները եղել են աղետալի. Նագասակիում ակնթարթորեն զոհվել է ավելի քան 70.000 մարդ, քաղաքը գործնականում ջնջվել է երկրի երեսից:

Հետագա տարիներին աղետի զոհերի ցանկը շարունակել է համալրվել ճառագայթումից մահացածներից հաշվին, ինչի հետևանքով ներկա դրությամբ մահացածների քանակը կազմել է ավելի քան 152.000 մարդ:

Այդ ամենը վերապրածներին Ճապոնիայում անվանում են «խիբակուսյա» (ռմբակոծությունից տուժած մարդ), որոնք ցայժմ տառապում են ռադիացիոն ճառագայթումից առաջացած հիվանդություններից:

Ճապոնիայի կառավարության տվյալներով՝ ներկայումս երկրում «խիբակուսյաների» ընդհանուր քանակը կազմում է ավելի քան 201.000 մարդ:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին ամերիկյան Foreign Policy պարերականը գրեց, որ 1945 թվականին Ճապոնիային հաղթել է ոչ թե ամերիկյան ատոմային ռումբը, այլ` Ստալինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս