Բաժիններ՝

Ճապոնիայում հարգել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան իր միջազգային գործընկերների հետ հասնելու է համայն աշխարհում միջուկային զենքի վերացմանը: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Վերջինս իր այդ հայտարարությունն արել է Հիրոսիմայի՝ ամերիկյան ատոմային ռմբակոծության 68-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Աբեն ընդգծել է, որ Ճապոնիան աշխարհի միակ երկիրն է, ով վերապրել է միջուկային ռմբակոծություն.

«Մենք կրում ենք հատուկ պատասխանատվություն, ինչի համար էլ շարունակելու ենք հասնել նրան, որ այս աշխարհում այլևս չլինի միջուկային զենք: Տոկիոն հավատարիմ է ոչ միջուկային երեք սկզբունքներին՝ չունենալ, չարտադրել և իր տարածք չբերել միջուկային զենք»:

1945 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ամերիկյան B-29 տիպի «Էնոլա Գեյ» ռմբակոծիչը «Փոքրիկ» անվանմամբ ատոմային ռումբը նետեց Հիրոսիմայի կենտրոնի վրա: Դրա հետևանքով անմիջապես զոհվեց 70.000-100.000 մարդ: Հիրոսիմայի հազարավոր բնակիչներ էլ մահացան ճառագայթման հետևանքով: Ընդհանուր առմամբ, Հիրոսիմայում ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվեց 140.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս