Անկարան դեռ չի կողմնորոշվել քրդական ազգային կոնֆերանսին մասնակցելու հարցում
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարան դեռ որոշում չի ընդունել քրդական ազգային կոնֆերանսին մասնակցելու հարցում: Այդ կոնֆերանսն անցկացվելու է օգոստոսի վերջին, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլում:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Լևենթ Գյումրյուքչուն: Վերջինիս խոսքերով՝ առաջիկա կոնֆերանսին Թուրքիայի մասնակցելու հարցը քննարկվել է քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի թուրքական այցի ժամանակ:
Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ կոնֆերանսին ներկա են գտնվելու Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) և Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները՝ հետագայում Անկարային իրազեկելու համար կոնֆերանսի ընթացքի մասին: