ԱՄՆ դեսպանատների փակման պատճառ է դարձել «Ալ-Քաիդայի» առաջնորդների խոսակցությունը. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանատների փակման պատճառ է դարձել գաղտնալսված այն խոսակցությունը, որը միմյանց հետ ունեցել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ալ-Զավահիրին և Եմենում տվյալ կազմակերպության մասնաճյուղի ղեկավար Նասեր ալ-Վուհայշին:
Վերջիններս հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ինչ-որ օբյեկտի վրա հարձակվելու պլանը: Թերթն ընդգծում է, որ նրանց քննարկած օբյեկտը կարող էր ենթարկվել ամենալուրջ ահաբեկչական հարձակման՝ սկսած 2001 թվականի սեպտեմբերի 11-ից:
Խոսակցությունը վկայել է, որ պլանավորված է եղել տվյալ հարձակումն իրականացնել օգոստոսի 4-ին, սակայն հատուկ ծառայություններին չի հաջողվել պարզել հարձակման ստույգ վայրը: Դրա հետ կապված՝ համայն աշխարհում ուժեղացվել են ԱՄՆ դեսպանատների անվտանգության միջոցները:
Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) պարզաբանել է, որ «Ալ-Քաիդայի» գլխամասային՝ պակիստանյան, բաժանմունքի առաջնորդները չափազանց հազվադեպ են այլ երկրներում իրենց մասնաճյուղերի հետ քննարկում լուրջ հարձակման պլաններ, ինչի համար էլ հատուկ ուշադրություն է հատկացվել ձայնագրված խոսակցությանը:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի ու Հարավային Ասիայի մուսուլմանական երկրներում մինչև օգոստոսի 10-ը փակվել է ԱՄՆ 19 դեսպանատուն, թեև սկզբնական շրջանում որոշվել էր դրանք փակել միայն մեկ օրով (օգոստոսի 4):