Բաժիններ՝

Գնդապետ Բուդաղյանը առանց փամփուշտի էր գնացել Սյունիքի մարզպետի տան մոտ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահ՝ 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին հուլիսի 24-ի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում: «Ազատություն» ռադիոկայանին այս տեղեկությունը փոխանցել է Խաչատրյանի և Նիկողոսյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:

Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Նուբարաշենի մեկուսարանում գտնվող Խաչատրյանը և Նիկողոսյանը ձերբակալվել էին հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ:

Սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը երկու օր առաջ բողոքարկել է քննիչի՝ ավելի վաղ կայացրած որոշումը:

Քննիչը հուլիսի 22-ին որոշել էր մերժել Արտակ Բուդաղյանի պաշտպանի միջնորդությունը՝ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Ըստ Հայկ Ալումյանի՝ օրենքով սպառնալիք կարող է համարվել այն դեպքը, երբ այդ սպառնալիքն իրականացնելու իրական հնարավորություններ են եղել: Տվյալ դեպքում Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հուլիսի 9-ի որոշման մեջ քննիչ Ղազարյանը գրել էր, թե Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, և իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Բայց Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը վկայակոչում է ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքը, ըստ որի՝ Բուդաղյանի զենքի մեջ փամփուշտ չի եղել․ «Ես իմ միջնորդությունը հենց այդ հիմքով էի ներկայացրել, որ իրական հնարավորություն չի եղել իրականացնելու նման սպառնալիք, որովհետև զենքը լիցքավորված չի եղել, այդ զենքը կիրառելու որևէ հնարավորություն չի եղել»:

Ըստ կայքի՝ պաշտպանը վստահեցրել է, որ այդ տվյալները հստակ կան, քննիչը չի էլ վիճարկում, բայց ուրիշ պատճառաբանությամբ է մերժել միջնորդությունը՝ ասելով, թե կարևոր չէ՝ իրական հնարավորություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, կարևորն այն է, թե «տուժողը» ինչպե՞ս է գնահատել նրա սպառնալիքները՝ որպես իրակա՞ն, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս