
Արմավիրցին՝ Տիգրան Սարգսյանին. «Իմ տնից երեք հոգի խոպան է գնացել, այ անաստվածներ»

ՀՀ վարչապետՏիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Արմավիրի մարզում: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ նա մասնակցել է մարզի Սարդարապատ համայնքի ամբուլատորիայի բացման արարողությանը: Երբ Տիգրան Սարգսյանը փորձել է հեռանալ, նրան է մոտեցել նույն գյուղի բնակիչը և նրան խնդրել, որպեսզի լսի իրեն:
«Ես՝ որպես պապիկ, խնդրած կլինեմ, երկրորդ մարդն ես Հայաստանի, ամեն ինչը քո ձեռքին է, խնդրած կեղնինք այս ոռոգման ջրի հարկը մի քիչ իջացնեք, հողի հարկը իջացնեք ու մեկ էլ էս ալյուր-մալյուրի գինը իջացնեք, այդ թանկացնելը ձեր ձեռքերին է, ասեք՝ այ շան որդիներ, էս գյուղացիները մեղք են»: Ի պատասխան վարչապետը ասել է. «Ինչո՞վ եք զբաղվում այստեղ, գյուղատնտեսությա՞մբ»: Տարեց սարդարապատցին ասել է, որ ոչ մի աշխատանքով էլ չի զբաղվում, քանի որ միջոցներ չունի: «Իմ տնից երեք հոգի խոպան է գնացել, այ անաստվածներ, հմի որ գործ եղնի, գիտես չէ՝ կանեմ»:
Ապա վարչապետը պատասխանել է լրագրողների որոշ հարցերին: Հարցին, թե ամբուլատորիաները ջրի խնդիր ունեն, Տ. Սարգսյանն պատասխանել է. «Այստեղ ջրի խնդիր չկա, իսկ այն համայնքում ճանապարհների խնդիր կար, այն մեր ուշադրության կենտրոնում է, ուղղակի ֆինանսավորման պակաս կա»:
«Արմավիրի մարզպետը ձեզ մանրամասն կներկայացնի, որովհետեւ տեղյակ եք, որ համապատասխան ֆինանսական օգնությունը արդեն բացված է, հիմնադրամում գումար է հավաքագրվել, եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը պետք է որոշում կայացնի բաշխման վերաբերյալ, իսկ մնացած օժանդակ ծրագրերից տեղյակ եք, որ մենք ազատեցինք նրանց հողի հարկից, ջրի վճարից, պետությունը իր միջոցներից տրամադրեց, որպեսզի թուլացնի գյուղացիների հոգսը»,- ասել է Տիգրան Սարգսյանը ի պատասխան այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկել Կառավարությունում կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար:
Կարդացեք այստեղ.