Տարոն Մարգարյանը՝ իր և Հենրիկ Նավասարդյանի հրաժարականների պահանջի և քաղաքացիական շարժման մասին

168.am-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից այսօր հետաքրքրվեց, թե հիմնավոր համարո՞ւմ է տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների կողմից Հենրիկ Նավասարդյանի ու իր հրաժարականի մասին բարձրացված պահանջը: Ի պատասխան քաղաքապետն այսպես արձագանքեց. «Վաղն էլ կարող է Ձեր հրաժարականը պահանջեն, մյուսի հրաժարականը պահանջեն, ես ի՞նչ անեմ: Չեմ կարծում, որ մի խումբ մարդիկ, մի խումբ ակտիվիստներ, ում հրաժարականը որ պետք է պահանջեն՝ մենք պետք է նայենք»:

Տարոն Մարգարյանը նշեց, որ Հենրիկ Նավասարդյանն իր աշխատանքն է կատարում, իր պարտավորություններն ամբողջությամբ կատարել է և որպես վարչության պետ այսօր էլ իր պարտականությունները կատարում է. «Վաղը, երբ իր պարտավորությունները չկատարի, անպայման պետք է վերանայվի այս խնդիրը: Բայց այսօրվա դրությամբ, երբ տրանսպորտի վիճակը վատ է, բայց կարողանում են եղած սպասարկող կազմակերպություններին խնդրելով, ինչ-որ ճանապարհներ, ուղղություններ գտնելով տրանսպորտ ապահովել, ինձ թվում է՝ մենք պետք է քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ոլորտի մարդկանց ավելի շատ հնարավորություն տանք աշխատելու, քան հրաժարական պահանջենք»:

Տարոն Մարգարյանը ընդգծեց, թե Հենրիկ Նավասարդյանի կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում ինքը չի սպասվի քաղաքացիների հրաժարականի կոչերին` առաջին քայլն այդ ուղղությամբ ինքը կանի:

Հարցին, թե գո՞հ եք, որ քաղաքացիական շարժում է ձևավորվել, որը կարող է ստիպել վերանայել Ձեզ ընդունված որոշումները, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես երիտասարդների քայլերից գոհ եմ, դա բնական է: Միայն մի քանի դիտարկում կարող եմ անել. երբ որ վարորդների վրա ուժ էին կիրառում, անհարգալից էին վերաբերում: Բոլորս լավ գիտենք, որ վարորդները ծանրաբեռնված աշխատանք էին կատարում և մենք պետք է վարորդներին ավելի շատ բարձրացնենք, քան վիրավորենք: Վերջը վարորդներն են տեղափոխում մեր քաղաքացիներին ու երիտասարդների ձեռքով մենք կարծես ավելի ստորացրինք վարորդի աշխատանքը: Դրա համար ես կոչ եմ անում այն ակտիվիստներին ու քաղաքացիներին, ովքեր այդ հինգ օրերի ընթացքում քննադատում էին վարորդներին ու փորձում էին խոսքերով, բարոյական առումով վիրավորել՝ չանեն այլևս»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի առջև այս օրերին տեղի ունեցող նստացույցին, ապա Տ. Մարգրայանն ասաց, որ նրանց ներկայացված պահանջները քննարկման առարկա են, ապա հիշեցրեց իր ուղերձը քաղաքացիներին, որտեղ ինքը հայտարարել էր համապատասխան հանձնաժողովի ստեղծման մասին և նշեց. «Ստեղծման գործընթացը շարունակվում է: Հանձնաժողովը իր քայլերն է ձեռնարկելու սոցիալապես անապահով խմբերի ուղղություններով, ովքեր անհրաժեշտություն ունեն, պետության աջակցությունն են ստանում, որպեսզի վերանայեն: Մի քանի ամսվա ընթացքում արդեն վերջնական որոշում կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս