Իշխանության աշունը
2013 թվականի ամառը աննախադեպ էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Այս միտքն արդեն տասնյակ անգամներ հնչել է ընթացիկ ամիսներին տեղի ունեցած և շարունակվող իրադարձությունների գնահատականներում:
Հայաստանի քաղաքական-քաղաքացիական կյանքում այս տարվա ամռանը տեղի ունեցած գործընթացները, ի թիվս մի շարք առանձնահատկությունների, ուշագրավ էին (են) նաև դրանց, այսպես կոչված, բովանդակային հաջորդականությամբ կամ հաջորդափոխությամբ: Խոսքն այն մասին է, որ այս ամռան սկզբից թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հարթություններում մեկնարկած իրադարձությունները պայմանավորված էին մե’կ ներքին, մե’կ արտաքին խնդիրներով: Ու զարմանալի օրինաչափությամբ դրանք հաջորդում էին մեկը մյուսին: Երևանի ավագանու մայիսյան ընտրություններից հետո քաղաքական օրակարգի առաջնային հարցը դարձավ Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային/Եվրասիական միություն երկընտրանքը, դրան փոխարինելու եկավ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, ապա՝ «օֆշորային սկանդալը»:
Հիմնականում ներիշխանական դաշտ տեղափոխված խմորումների շուրջ ակտիվությունը որոշակիորեն մարեց Պոդոլսկում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի և դրան հաջորդած իրադարձությունների «աղմուկում»: Այս միջադեպով, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենք վաճառելու հանգամանքով պայմանավորված, Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացումը որոշակիորեն կանգ առավ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ալիքի արդյունքում:
Քաղաքացիական բողոքի ակցիաներն, իհարկե, չեն դադարել, դրանք շարունակվում են համեմատաբար պասիվ ռեժիմում: Զուգահեռաբար կրկին սկսկում է ակտիվանալ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի, դրանով պայմանավորված՝ ռուսական հնարավոր ճնշումների հետ կապված թեման: Մյուս կողմից՝ ուղեվարձի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական ակտիվտներն առաջիկայում պատրաստվում են ակցիաներ սկսել՝ ընդդեմ ուսման վարձի բարձրացման:
Քաղաքական օրակարգի և քաղաքացիական պայքարի հիմքում ընկած ներքին և արտաքին շարժառիթների այս հերթափոխությունը, գուցե պատահականություն է, թեև ինչպես հայտնի է՝ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Բայց հիմա մոտենում է մի ժամանակաշրջան, երբ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ասպարեզում բողոքի ներքին և արտաքին գործոններով պայմանավորված շարժումները ոչ թե փոխարինելու են իրար, այլ ընթանալու են զուգահեռաբար: Եվ պատճառը միայն այն չէ, որ սեպտեմբերին քաղաքական ուժերը վերադառնալու են արձակուրդից ու Ազգային Ժողովը վերսկսելու է աշխատանքը:
Սեպտեմբեր ամսից սոցիալական դաշտում խնդիրներն ավելի են սրվելու: Հարյուրավոր ընտանիքներ ստիպված են լինելու իրենց երեխաներին ԲՈՒՀ-եր ուղարկել արդեն թանկացած ուսման վարձերով, գյուղատնտեսական սեզոնի ավարտից հետո սննդամթերքն ավելի է թանկանալու, արդեն նոյեմբեր-դեկտեմբերից մարդիկ ջեռուցման համար վճարելու են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներով:
Այսինքն՝ սոցիալական դժգոհությունների աղբյուրները մի քանի անգամ մեծանալու են, ինչը կարող է նոր լիցք հաղորդել քաղաքացիական բողոքի ակցիաներին: Սակայն զուգահեռաբար այդ ամիսներին ակտիվանալու են նաև գործընթացները արտաքին քաղաքական ասպարեզում, որոնք չեն կարող չանդրադառնալ նաև ներհայաստանյան քաղաքական կյանքի վրա: Նոյեմբերի վերջին Վիլնյուսում նախատեսված Ասոցացման համաձայանգրի նախաստորագրմանն ընդառաջ՝ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, գործի է դնելու Հայաստանի նկատմամբ ճնշման վերջին «փամփուշտները»՝ ինչպես տնտեսական պատժամիջոցների, այնպես էլ՝ սեփական ազդեցության քաղաքական-քարոզչական գործիքների միջոցով:
Այսինքն՝ Հայաստանի իշխանության համար շատ դժվար ժամականեր են սպասվում: Եթե մինչև հիմա իշխանությունը կարողանում էր որոշակիորեն մանևրել ներքին և արտաքին խնդիրներով պայմանավորված «ալիքների» հերթագայության մեջ, ապա ընդամենը մեկ-երկու ամիս հետո ստիպված է լինելու դիմակայել միանգամից երկու կամ ավելի ճակատներում սպասվող ընդդիմադիր ալիքին: Քաղաքական, թե քաղաքացիական՝ տվյալ դեպքում երկրոդական հարց է: