Բաժիններ՝

Մարկ Սաղաթելյանի վերջին հարցազրույցներից մեկը. «Պետք է հաճույք ստանաս քո ապրած կյանքի ամեն վայրկյանից» (տեսանյութ)

«Ես հասկացել եմ մեկ բան, որ պետք է հաճույք ստանաս քո ապրած կյանքի ամեն վայրկյանից, իմաստ չունի քո նյարդայնանալը…իմաստ չունի մտածել` էս լավ չի, էս վատ ա, էնքան վատ բան կա, որ մարդը նույնիսկ չի պատկերացնում: Ես դրանով անցել եմ ու հասկացել, որ ավելի լավ է` դու հաճույք ստանաս քո ապրած ամեն վայրկյանից, ժպտաս, լավ լինես, որովհետև վաղվա օրդ կարող է ընդհանրապես չլինել»,- Պետրոս Ղազարյանի հեղինակային «Ուրվագիծ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել էր սիրված հումորիստ, շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանը, ով այսօր վախճանվեց «Նաիրի» բժշկական կենտրոնում` ընդամենը 41 տարեկան հասակում: Մարկ Սաղաթելյանը հարցազրույց էր տալիս ծանր ավտովթարից երկար ամիսներ ապաքինվելուց հետո և ասում, թե ոչ ոքի չի ցանկանում լինել այն վիճակում, որում ինքն էր հայտնվել:

Մարկ Սաղաթելյանն իր այս հարցազրույցում (19  մարտի, 2013թ.) մարդկանց ներկայացավ մի փոքր այլ ձևով` կյանքը վերաարժեվորած, ավելի շրջահայաց և ավելի գիտակից: Նա խոսեց ամենապարզ մարդկային երջանկությունների ու հավերժի մասին` ներկայանալով որպես սրտացավ հայ, գիտակից քաղաքացի և բարոյական մարդ:

Ներկայացնում ենք մի հատված` այդ հարցազրույցից:

Պետրոս Ղազարյան- «Քո կարծիքով` այստեղ ամենաառաջինը ի՞նչն պետք է փոխել »:

Կարդացեք նաև

Մարկ Սաղաթելյան «Պետրոս ջան, ժողովուրդը փող չունի, երբ մարդն ապահով չէ…»:

Պետրոս Ղազարյան- «Մարկ, բայց թույլ տուր նկատել` նրանք ովքեր ապահով չեն, նրանք էլ կյանքից առանձնապես գոհ չեն..»:

Մարկ Սաղաթելյան «Եթե քեզ թվում է, որ Մոսկվայում ապրողները կյանքից գոհ են, սխալվում ես, ահավոր քաղաք է, շատ դժվար քաղաք է… Ես քեզ ասեմ` այնտեղ ինչից եմ նեղվում. արև չկա: Երբ դու սովոր ես արևին, երբ ամեն օր վեր ես կենում, տեսնում ես արև, ասում ես` էս ինչ լավ ա, այնտեղ արև չկա, միշտ մռայլ եղանակ է, այնտեղ էլ հեշտ չի ապրել… Ես քաղաքական գործիչ և տնտեսագետ չեմ, բայց, ինձ թվում է, այստեղ ուրիշ ճանապարհներ է պետք փնտրել, մարդկանց պետք է գոհացնել, մարդիկ պետք է գոհ լինեն ցանկացած հարցում: Այդ ժամանակ, ինձ թվում է, հասարակությունը կլինի ավելի բարի: Այսօր հասարակությունը բարի չի, ես դա տեսնում եմ Ֆեյսբուքում, լուրջ եմ ասում, որ մարդիկ չարացած են: Եվ հասկանում եմ` ինչու, որովհետև ինքը կոմֆորտի մեջ չէ, ինքն անհանգիստ է ապրում, ինքը չգիտի` վաղն իր հետ ինչ է լինելու, և դա շատ ցավալի է»:

Պետրոս Ղազարյան- «Ու կնկատենք, որ մեր արևը շատ լավն է»:

Մարկ Սաղաթելյան «Գոնե, էլի, գոնե, հասկանո՞ւմ ես, գոնե տեսնեն, որ արևոտ երկրում են ապրում: Դա գիտե՞ս` ինչ մեծ բարիք է, բա ուտելիքը…Ես ռուս ընկերներ ունեմ, ասում են` «Слушай, давай на два дня поедим, покушаем вашу еду, приедим обратно»…Իսկ մենք դա չենք նկատում երբեք»:

Տեսանյութը` «Կենտրոն» հեռուստաընկերության

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս