«Կյանքի ճանապարհն» ավելի քան 2 տարի չի վերականգնվել
tesankyun.am-ը հիշեցնում է, որ 2011թ. ապրիլին փլուզում եղավ միջպետական ճանապարհից Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան գյուղ տանող միակ, ասֆալտապատ ճանապարհին: Այդ ճանապարհի առաջին կիլոմետրում սողանքից փլվել էր 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ և 20 մ խորությամբ հատված, հողը թափվել էր գյուղը սնուցող, 130 մմ տրամագծով խմելու ջրագծի վրա, շարքից հանել այդ ջրագծի 30 մետրանոց հատվածը: Պատահարից հետո ջրագծի վնասված հատվածը արագ վերականգնվել է: Գյուղ մտնող ճանապարհը թեեւ նեղացել, սակայն երթևկելի է: Ի՞նչ է փոխվել անցած երկու տարի և 4 ամսվա ընթացքում: Ճանապարհի երթևեկելի մասում, ասֆալտին 2 սմ լայնությամբ և 2 մ երկարությամբ ճեղք է գոյացել, որը գնալով աճում է: Ճեղքի լայնանալով՝ ճանապարհն ամբողջությամբ կարող է փլվել:
Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը tesankyun.am-ին հայտնել է, որ այս տարի պետական բյուջեի միջոցներով գյուղը աշխարհին կապող ճանապարհը վերականգնվելու է, փլվածքի գոտին շրջանցող նոր ճանապարհ է կառուցվելու:
«Մեկ ամիս առաջ Իջեւանի ճանապարհաշինական ձեռնարկությունից եկել էին, չափումներ արել: Այս տարի ճանապարհը վերականգնելու են: Գյուղի 4 բնակիչներին հողի համար, մեկ բնակչի էլ տան համար այդ ծրագրով փոխհատուցում է տրվելու»,- ասել է Ներքին Ծաղկավանի գյուղապետը: «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Արծրունի Ղալումյանն ասել է, որ ճանապարհի կառուցման մրցույթ է կայացել, իրենց ձեռնարկությունը 27 միլիոն դրամ առաջարկով մրցույթում շահել է: Նրան հարցրինք, թե Ներքին Ծաղկավանի համար կենսական նշանակություն ունեցող, «կյանքի ճանապարհի» վերականգնումը ե՞րբ է սկսվելու: Պարոն Ղալումյանը հայտնել է, որ ճանապարհը կկառուցվի այս տարի, սակայն շինարարության ստույգ ժամկետը չկարողացավ հայտնել, ասելով, որ դրա համար կառավարության որոշում պետք է լինի: