Բրեյվիկն իր փաստաթղթերը ներկայացրել է Օսլոյի համալսարանի ընդունող հանձնաժողովին
The Local-ի փոխանցմամբ՝ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով ազատազրկում է կրում 77 մարդու սպանելու և ևս 242 մարդու վիրավորելու համար, իր փաստաթղթերն է ներկայացրել Օսլոյի համալսարանի ընդունող հանձնաժողովին:
Պարբերականի տվյալներով՝ հանցագործը պատրաստվում է հեռակա կարգով դիմել Քաղաքագիտության ֆակուլտետ: Բանտի պետը, որտեղ ազատազրկում է կրում Բրեյվիկը, հայտարարել է, որ աջակցում է Բրեյվիկի տվյալ ձգտմանը, քանի որ ազատ արձակվելուց հետո հանցագործի համար շատ ավելի հեշտ կլինի աշխատանք գտնելն ու նորմալ կյանքին վերադարձ կատարելը:
Օսլոյի համալսարանի ղեկավարությունն ու աշխատակիցները, սակայն, կտրականապես հրաժարվում են կրթել Բրեյվիկին, քանի որ կարծում են, որ նրա գործած հանցանքը դուրս է գալիս սովորական կրիմինալի շրջանակներից: Համալսարանում արդեն իսկ խոստացել են դիտարկել Բրեյվիկի փաստաթղթերը՝ սակայն ղեկավարվելով «ընթացակարգային խիստ կանոններով»:
Ավելի վաղ Բրեյվիկը թողել է բուհում սովորելը, ինչը վճռորոշ պահ է հանդիսացել նրա կողմից ծայրահեղական ուղին ընտրելու հարցում: 2011 թվականի հուլիսին Բրեյվիկը պայթյուն է կազմակերպել Օսլոյում, ինչից հետո մեկնել էր պատանիների ճամբար, ուր և հրազենային զենքից կրակ էր բացել մարդկանց վրա:
Դատարանում նա իր գործողությունները բացատրել էր նրանով, որ ցանկացել է հասարակության ուշադրությունը բևեռել Եվրոպայում «սողոսկող իսլամականացման» վրա: Նորվեգական դատարանը նրան դատապարտել է առավելագույն պատժի՝ 21 տարվա ազատազրկման: