«Եթե ինձ հետ մի բան պատահի…». Սամվել Հարությունյանի կյանքին վտանգ է սպառնում. մամուլ
««Շատ են մարդիկ, որոնք կարծում են, որ իմ կյանքը վտանգված է: Ես նույնպես գիտակցում եմ դա: Հայտարարում եմ՝ կյանքը շատ եմ սիրում: Իմ հիմնական ասելիքը և անելիքը դեռ առջևում է: Հայտարարում եմ նաև, որ ես չեմ վախենում մահից: Ահ ու սարսափը չգիտեմ ինչ բան է: Այդ զգացումները ես իմ մեջ սպանել եմ շատ վաղուց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Գորիսի՝ 1992-94թթ․ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Հիշեցնենք, որ նա վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ էր ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների ունեցվածքի, ոճրագործությունների մասին, ուստի իր կյանքին սպառնացող վտանգը տեսնում է այդ կողմից:
Նա ընդգծել է, որ «եթե ինձ հետ մի բան պատահի, ապա ինձ հարգող բոլորին, մեր ժողովրդի պատասխանատու, մտահոգ և վճռական զանգվածին խնդրում եմ ոչ թե սգալ, ոչ թե լացուկոծի դիմել, այլ իմ դիակով բացել հայաստանյան չարյաց դարպասները»: Նա կոչ արեց թոթափել հայ ժողովրդի չարիքը՝ «լիսկայությունն» ու «լիսկայականությունը». «Արտասովոր ոճրագործության, արտասովոր հափշտակության, մնացած ոճիրների հետ կապված վերջապես վերջակետ դնեն իրենց 23-ամյա հանցավոր անգործությանը, քրեական գործեր հարուցեն և Սուրիկ Խաչատրյանին ու նրա բանդային՝ Սասուն Խաչատրյան, նրանց եղբայրներին, որդիներին և այլոց կանգնեցնեն օրենքի առաջ»: