WikiLeaks-ի տեղեկատու Բրեդլի Մենինգը կստանա ավելի քան 120 տարվա ազատազրկում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգի Ֆորտ Միդի ռազմական դատարանը WikiLeaks-ի տեղեկատու, 25-ամյա զինծառայող Բրեդլի Մենինգին մեղավոր է ճանաչել լրտեսության ու հազարավոր գաղտնի ռազմական ու դիվանագիտական փաստաթղթերի հափշտակման մեջ:
Դրա հետ մեկտեղ ամբաստանյալն արդարացվել է առանցքային մեղադրանքի հարցում: Խոսքը գնում է թշնամուն օգնելու մասին է, որի հաստատման դեպքում նրան սպառնում էր ցմահ ազատազրկում:
Դատավճռի նկատմամբ հատուկ հետաքրքրություն է ցուցաբերվում՝ կապված նաև նրա հետ, որ համանման մեղադրանք է ներկայացվել Էդվարդ Սնոուդենը, ով հրապարակել է ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի ծրագրերն ու արդյունքում հայտնվել է Ռուսաստանում:
Դատարանը WikiLeaks-ին ամերիկյան գաղտնիքներ մատակարարած շարքային Մենինգին մեղավոր է ճանաչել լրտեսության 5 դեպքով, տվյալների հափշտակման 5 դեպքով, համակարգչային մեքենայության մեկ դեպքով և այլ հոդվածներով:
Fox News-ի հաշվարկներով՝ Մենինգն ազատազրկվելու է 128 տարով, իսկ NBC հեռուստաալիքի հաշվարկներով՝ 136 տարի: Դատավճիռը հրապարակվելու է այսօր: Մենինգը ձերբակալվել է 2010 թվականի մայիսին, Իրաքում, ուր նա անցնում էր զինծառայություն: Նա խոստովանել է, որ WikiLeaks-ին է տրամադրել ԱՄՆ պետդեպարտամենտի մոտ 250.000 դիվանագիտական հաղորդագրություն: