Օգոստոսին ՌԴ-ն ու Ադրբեջանը պայմանագիր կստորագրեն Գաբալայի ՌՏԿ-ի մասին
Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ արդեն իսկ ավարտվել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից (ՌՏԿ) ռուս զինծառայողների ու շարժական գույքի դուրս բերման գործընթացը:
Շարժական գույքն արդեն իսկ երկաթուղով ուղարկվել է Ռուսաստան: Մոտ ժամանակներս Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու է Գաբալայի ՌՏԿ-ի ընդունում-հանձնման մասին պայմանագիր: Այս մասին հայտնել են ռազմական աղբյուրները:
Պայմանագրի ստորագրման նպատակով օգոստոսի կեսին Ադրբեջան է ժամանելու ռուս բարձրաստիճան անձանց պատվիրակությունը: Ներկայումս կայանը վերահսկում են ադրբեջանցի զինծառայողները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալությունից հրաժարվել է նախորդ տարեվերջին, քանի որ Ադրբեջանը 43 անգամ բարձրացրել էր տարեկան վարձավճարը՝ 7 միլիոն դոլարից հասցնելով մինչև 300 միլիոն դոլարի: