Ստեփան Դանիելյան. «…Այս խաղը Էջմիածնի «տրասի» կազինոներում չեն սովորեցնում»

«Շատ մեծ համաշխարհային մասշտաբի բլեֆներ են գնում, բոլորը բոլորի գլխին սարքում են, ու սա պոկեր չէ, հայերն այստեղ խաղացող չեն… սա նույնիսկ պրեֆերանս չի… Այս խաղը Էջմիածնի տրասի կազինոներում չեն սովորեցնում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, «religions.am» կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը:

168.am-ը Ս. Դանիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ «բլեֆների» մասին է խոսքը: Ի պատասխան նա նախ նշեց, որ պետությունների միջև եղած հարաբերությունները պայմանականորեն կարելի է երկու տիպի բաժանել. «Առաջին` հավասարակշռված հարաբերությունների ժամանակաշրջան, երբ տարբեր քաղակրթությունների միջև հարաբերությունները հավասակշռված են լինում և երկրորդ, պայմանականորեն ասած, պատերազմի ժամանակաշրջան, երբ ուժերի բալանսը խախտվում է՝ սկսում են վերաբաժանումները»: Ապա Ստեփան Դանիելյանն ընդգծեց, թե վերջին 100 տարիների ընթացքում երկու համաշխարհային պատերազմ է եղել՝ վերոնշյալ բալանսների խախտման պատճառով:

«Կարծում եմ, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Միջին Ասիայում սկսվել են վերաձևումները: Նման պայմաններում խաղի կանոնները փոխվում են: Բնականաբար, յուրաքանչյուր երկիր, հատկապես` փոքր երկրները, ավելու շուտ ոչ թե խաղի մասնակիցներ են դառնում, այլ` թիրախներ: Նման ժամանակներում քարտեզը վերաձևավորվում է, առաջանում կամ վերանում են ամբողջական երկրներ: Բնականաբար, նման պայմաններում ոչ միայն զենքով ու զորքով են շահերը առաջ մղվում, այլև` «բլեֆներով»: Ով ում ավելի լավ «կխաբի»՝ նա էլ կշահի: Այսինքն՝ քաղաքական տարբեր նախաձեռնությունների տակ սքողված են լինում բոլորովին այլ նպատակներ»,- շեշտեց նա` ավելացնելով, որ Հայաստանը պետք է հասկանա խաղն ու ճիշտ քայլեր ձեռնարկի:

Չտիրապետելով ամբողջական ինֆորմացիային, և միաժամանակ՝ տեսնելով Հայաստանի «իշխանությունների» որակը, չանհանգստանալ այս հարցի առնչությամբ, ըստ Ս. Դանիելյանի՝ հնարավոր չէ: «Համենայնդեպս մեկ բան պարզ է. մոտակա ժամանակաշրջաններում երկրներ են վերանալու և նոր երկրներ են ի հայտ գալու: Եթե հետևեք միջազգային լրահոսին, ապա այդ պրոցեսն ակնհայտ է»:

Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել «ոչնչացող» երկրների շարքում չհայտնվելու համար, նա պատասխանեց. «Եթե որևէ մեկը, Ձեր այդ հարցին միանշակ պատասխան տա, չհավատաք: Մեր պետական ինստիտուտներն, ըստ էության, չեն գործում, չկա վստահություն իշխանության և հասարակության միջև: Դա շատ լուրջ մարտահրավեր է: Առաջին հերթին պետք է հանրային քննարկումներ ընթանան արտաքին քաղաքականության վերաբերյալ: Սակայն մենք դա չենք տեսնում: Մամուլում ընթացող քննարկումներում մարդիկ բաժանված են ըստ արտաքին կողմնորոշումների և քննարկումների փոխարեն միմյանց պիտակավորում և վիրավորում են: Դա տարբեր տիպի մանիպուլյացիաների դաշտ է ստեղծում, սակայն առարկայական քննարկում գոյություն չունի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխող խմբավորմանը նման քննարկումները պետք չենք»:

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ այս իրավիճակն իրեն հիշեցնում է «քրդերի իրավիճակը», որոնց քաղաքական և ռազմական խմբավորումներում գործում են տարբեր հատուկ ծառայությունների գործակալներ և քրդերի մոտ չի ստացվում որևէ քաղաքական գործընթաց, որը հենց իրենց շահերով է պայմանավորված: Նա հավաստիացրեց, որ մասնավորապես Հայաստանում արտաքին քաղաքական քննարկումները միայն Եվրասիական միություն, Եվրամիություն երկընտրանքին չպետք է առնչվեն: Ըստ Դանիելյանի` իրական գործընթացը լրիվ այլ հարթություններում է ընթանում և նպատակներն էլ բոլորովին այլ են: Իսկ Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն գնալու մասին հարցերը, նրա գնահատմամբ, ընդամենը ուշադրություն շեղելու համար են նետված ասպարեզ:

«Մեր մեծ տարաշրջանը վերածվում է մեծ հակամարտությունների գոտու և գուցե պատերազմական ռազմադաշտի, և այն հարցը, թե որ երկիրն ում հետ է միանալու՝ պայմանագրերով չի որոշվելու: Այդ հարցերի պատասխանները մենք հետո ենք ստանալու: Կովկասի ճակատագիրը, անգամ ավելի մեծ երկրների ճակատագրերը, պայմանավորված են շատ հանգամանքներով և փոխկապակցված են Մերձավոր Արևելքի կոնֆլիկտով, շիա-սունի մուսուլմանների առճակատումով և նմանատիպ այլ հարցերով: Մեզ համար հիմա ավելի կարևոր է օրինական երկիր ստեղծելը: Հիշենք 20-րդ դարասկիզբը: Այդ ժամանակ մեզ ընդամենը մի քանի տարի էր պակասում: Եթե հայերը ակտիվ քաղաքականություն վարեին ոչ թե առաջին համաշխարհային պատերազմից առաջ, այլ հետո, մենք հիմա լրիվ ուրիշ երկիր կունենայինք»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս