Ինչն է խանգարել Տարոն Մարգարյանին թեկուզ «աղավնիների միջոցով» ուղարկել պատասխանները
«Քաղաքապետի վերջին աղմկահարույց, ես կասեի` ոչ իրավաչափ որոշումներից հետո շատերի մոտ բնական հարց առաջացավ` իսկ ո՞ւր է ավագանին, ինչո՞ւ ավագանին որևէ կերպ չի առնչվում այս խնդրին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Վերջինս հիշեցրեց, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը (հոդված 11) Երևանի ավագանուն տալիս է Երևանի քաղաքապետի գործունեությունը վերահսկելու իրավունքը, սակայն, ըստ նրա, խնդիրը կայանում է նրանում, որ Երևանի նախորդ ավագանին խեղաթյուրել է այդ օրենքը:
«Նախորդ ավագանին մի զավեշտալի արարք է թույլ տվել. Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը հաստատելիս` այն հոդվածում, որտեղ, ըստ օրենքի, պետք է շարադրվեին, թե Երևան քաղաքի համար կենսական նշանակության ո՞ր պայմանագրերն է հաստատում ավագանին, դրանից դուրս է թողել հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում Երևանի քաղաքապետի կնքած պայմանագրերը, այսինքն` տրանսպորտի և ընդհանրապես հանրային քաղաքականության նմանատիպ ոլորտներին վերաբերող պայմանագրերը, որոնք քաղաքապետը կնքում է այլ մասնավոր ընկերությունների հետ… Վստահաբար կարող եմ ասել` այդ օրենքը միտումնավոր է խեղվել»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
«Արդյունքը սա է, որ քաղաքապետը՝ իմանալով, որ ավագանին որևէ կերպ չի կարող առնչվել այս խնդրին, կայացնում է անհատական իրավական ակտ, խոսքը վերաբերում է այդ երկու որոշումներին, և արդյունքում մարդիկ և նաև ավագանին տարակուսած են` ինչպես կարող է Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինը` ավագանին, չառնչվել մի որոշման, որը կենսական նշանակություն ունի Երևան քաղաքի համար, և մենք տեսանք հարցի վերաբերյալ հասարակական հնչեղությունը: Հիմա մեր խմբակցության` «Բարև, Երևանի» 1-ին անելիքներից մեկը հավանաբար լինելու է այն, որ ավագանու կանոնակարգում անհապաղ կատարվի ոչ միայն մյուս, այլ նաև հենց այս փոփոխությունը, որպեսզի նման որևէ հարցի պարագայում մասնավոր կազմակերպությունների, տվյալ պարագայում` Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ Երևանի քաղաքապետի կնքած պայմանագրերրը, դրանց բովանդակությունը, որոնք գաղտնի են պահվում, դառնան ավագանու քննարկման առարկա և հասարակության սեփականությունը, և մենք կարողանանք նաև հասկանալ, թե ինչպե՞ս է պատահում, որ 2008 թվականից սկսած հայտնի ուղևորափոխադրողները` 48 երթուղային գծեր սպասարկող կազմակերպությունները, աշխատում են վնասով, և եթե վնասով էին աշխատում, ինչո՞ւ էին 2012 թ. նրանց հետ նորից կնքվում պայմանագրեր»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ խոսքը Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման որոշման, իսկ այնուհետև այդ որոշման մասին Երևանի քաղաքապետի հայտարարությունների մասին է:
Ինչ վերաբերում է տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողովին, որը երեկ հանձնարարել է ստեղծել Երևանի քաղաքապետը, ապա այս մասին պարոն Սաֆարյանը նշեց, որ «Բարև, Երևանի» համար դեռևս հասկանալի չէ, թե ինչով է զբաղվելու այդ հանձնաժողովը, ինչ կարգավիճակ ունի և ինչ ուժ են ունենալու այդ հանձնաժողովի եզրակացությունները:
«Այսօր «Բարև, Երևանը» վերստին պաշտոնական հարցում է ուղարկել քաղաքապետին` ակնկալելով ստանալ պատասխան նշված հարցերի կապակցությամբ, որովհետև այն գործընթացը, որը տեղի է ունենում որոշման կասեցումից հետո, տակավին մեզ դուր չի գալիս, դա ամենևին չի վերաբերում տրանսպորտի ոլորտը բարենորոգելուն կամ համակարգային փոփոխություններ անելուն, որովհետև եթե քաղաքապետը և իշխող կուսակցությունը հայտարարում են, որ Երևան քաղաքում տրանսպորտային համակարգի վիճակն աղետալի է, և թանկացումներն անխուսափելի են, դա նշանակում է, որ այդ ոլորտը պետք է լրջագույնս ենթարկվի փոփոխությունների…Քանի որ այդ հանձնաժողովը պետք է ստեղծվի առաջիկա շաբաթվա ընթացքում, «Բարև, Երևանը» նախևառաջ պետք է իմանա, թե ինչ հանձնաժողով է դա, արդյոք այն ստեղծվում է իմիտացիա ստեղծելու համար, արդյոք այն ստեղծված է քաղաքապետի կողմից միանձնյա որոշված 150 դրամ սակագինը հիմնավորելու համար, արդյոք այն ստեղծված է ուղղակի կասեցված որոշումներին նորից ուժ հաղորդելու համար»,- հարցադրում կատարեց «Բարև, Երևանի» ներկայացուցիչը:
Ի դեպ, Ստեփան Սաֆարյանը վերոնշյալ 48 ուղևորափոխադրող ընկերությունների վերաբերյալ արեց մի հայտարարություն, թեև նշեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկել իր կուսակցական ընկերների հետ:
«48 ընկերությունները, որոնք հայտ են ներկայացրել` տրանսպորտի սակագնի վերանայման հետ կապված, իմ խորին համոզմամբ` այլևս պետք է զրկվեն երթուղիները սպասարկելու իրավունքից: Ասեմ` ինչու: Մենք այս պահին դեռևս սպասում ենք հայտերին: Հուլիսի 18-ին, երբ քաղաքապետի երկու պաշտոնյաների կողմից հայտարարվեց որոշման մասին, մենք նույն օրը գրավոր հարցում ուղարկեցինք քաղաքապետին, երբ նույնիսկ սակագները դեռ չէին թանկացվել: Մենք հարցում ուղարկեցինք` պահանջելով, որպեսզի տրամադրվեն ոչ միայն կայացված որոշումները, այլ նաև դրա համար հիմք հանդիսացած հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նաև գծատերերի ներկայացրած հայտերը: Թվում է, թե ոչ մի տարօրինակ բան չկա, Տարոն Մարգարյանը 3-րդ հարկում է, մենք 4-րդ հարկում ենք, նրան ոչինչ չէր խանգարում մեկ կամ երկու օրվա ընթացքում աղավնիների միջոցով ուղարկել պատասխանները, բայց պատկերացրեք` առ այսօր որևէ պատասխան չենք ստացել: Որոշումը հրապարակվել է հուլիսի 24-ին, բայց չեն բարեհաճել մի հատ պատճենով ուղարկել իր ստորագրած օրինակը, եզրակացությունը և հայտերը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Վերջինս պնդեց, որ 48 ընկերությունները պետք է «հրաժեշտ տան» տրանսպորտի ոլորտին` որպես ոչ բարեխիղճ, ոչ կարողունակ կազմակերպություններ:
«Եթե նրանք վնասով են աշխատում, հասարակությունը պետք է փրկի նրանց, փրկի նրանց բիզնեսը, չթողնի, որ իսպառ տապալվեն և գոնե իրենց վերջին գումարները շրջանառության մեջ դնեն այլ ոլորտներում»,- այսպիսի հումորային նոտայով իր խոսքը եզրափակեց Ս. Սաֆարյանը: