Կրեմլը հասկացնել է տվել, որ չի ցանկանում Սաակաշվիլիին տեսնել Բաքվում. աղբյուր

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ադրբեջան այցելելու մասին լուրը հաստատվել է: Պուտինն Ադրբեջան կայցելի մինչև այդ երկրում նախագահական ընտրությունների սկսվելը (դրանք անցկացվելու են հոկտեմբերին):

Դա կլինի 7-ամյա ընդմիջումից հետո Ռուսաստանի նախագահի առաջին այցը և պատմության մեջ կմտնի որպես հաշտեցման հանդիպում: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում տիրում է որոշակի լարվածություն, ինչի պատճառներից մեկը, համաձայն դիվանագիտական աղբյուրների, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հաճախակի ադրբեջանական այցերն են:

Այդ այցերը, Բաքվում Սաակաշվիլիին բարձր մակարդակով ընդունելը և հատկապես Սաակաշվիլիի հակառուսական հայտարարությունները խստապես նյարդայնացրել են Կրեմլին:

Բավական է հիշել Սաակաշվիլիի ելույթն Ադրբեջանի խորհրդարանում, նրա կոչը Հարավային Կովկասի երկրներին՝ չմիանալ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միությանը, Բաքվից վերադառնալուց հետո Թբիլիսիի օդանավակայանում նրա արած այն հայտարարությունը, թե Մոսկվան ցանկանում է տապալել Ադրբեջանի իշխանություններին:

Դրա հետ կապված՝ Մոսկվան դիվանագիտական խողովակներով քանիցս զգուշացրել է Ադրբեջանի իշխանություններին: Բանը հասել է նրան, որ Կրեմլը հասկացնել է տվել, որ չի ցանկանում Սաակաշվիլիին տեսնել Բաքվում:

Զարմանալի չէ, որ մայիսի 7-ին Բաքվում անցկացված Հարավային Կովկասի երկրների ֆորումի ժամանակ Սաակաշվիլին չի հիշատակել Ռուսաստանի անունը՝ սահմանափակվելով կայսերական հավակնություններով ուժերի անկարողության մասին մշուշոտ հայտարարություններով:

Առկա տվյալներով՝ Վրաստանի նախագահը մտադիր է հրաժեշտի այցով ժամանել Բաքու կամ էլ Թբիլիսի հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Սակայն պաշտոնական Բաքուն ընդառաջ չի գնում նրա մտադրություններին՝ դա պատճառաբանելով խիստ զբաղվածությամբ:

Տեսանյութեր

Լրահոս