
Մուշի հայկական պատմական տների ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել է

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Մուշի Քալե թաղամասում հայկական տների քանդման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է: Դա տեղի է ունեցել Վանի Պահպանման խորհրդի կողմից հայկական տներից մեկի գրանցումից հետո:
2012 թվականի հոկտեմբերի 21-ին Նախարարների խորհուրդը որոշել էր քաղաքաշինության նախագծի շրջանակներում Մուշի Քալե թաղամասում ապամոնտաժել 500 տուն, ինչը ներկա դրությամբ իրականացվել է մոտ 80 տոկոսով:
Թուրքիայի արևելյան նահանգներում հայկական ժառանգության պահպանմամբ զբաղվող Գարո Փայլանը հայտարարել է, որ իրենք մտածում են մնացյալ 20 տոկոսը փրկելու մասին. «Միայն հայերի ժառանգությունը չէ, որ վերացվում է: Դա վերաբերում է նաև Մուշ քաղաքի պատմական դիմագծին:
Ժամանակին Մուշում կար 299 եկեղեցի, 94 վանական համալիր, 53 ուխտատեղի, 135 դպրոց՝ 5669 աշակերտվ: Սակայն դրանք աստիճանաբար վերանում են: Պետք է պահպանել մնացյալ երեք փողոցները: Անատոլիայում հայկական կառույցներն արագորեն չքանում են»: