Բաժիններ՝

Մեծ Մանթաշի բնակիչները սպասում են գյուղի լրիվ գազիֆիկացմանը

Մեծ Մանթաշ գյուղը գտնվում է Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից մոտ  30 կմ հեռավորության վրա: Գյուղը տեղակայված է Ապարան-Արթիկ ավտոմայրուղու վրա, գտնվում է Մանթաշ գետի հովտում: Գյուղի տարածքում կա հանքային աղբյուր: Այստեղ է գտնվում միջնադարյան սուրբ  Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև պահպանվել են հին եկեղեցու մասունքներ: Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, մարզադպրոց, հիվանդանոց: Գյուղում չկա հակակարկտային կայան, իսկ ամենամոտ կայանը գտնվում է Մեղրաշեն գյուղում: Բնակիչները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ գյուղի հիմախնդիրներից, թերևս, ամենակարևորը գյուղի լրիվ գազիֆիկացման խնդիրն է: Գազիֆիկացման աշխատանքները սկսվել են, սակայն ավարտին դեռևս չեն հասցվել:

Գյուղում նախկինում եղել են կարի գործարան, փուչիկի գործարաններ, որոնք հիմա չեն գործում, վերագործարկման տարբերակ էլ չկա: Գյուղացիների խոսքով՝ ավելի ձեռնտու  է կառուցել նորը, քան վերագործարկել հինը: Նշվեց նաև, որ գյուղում կան համապատասխան մասնագետներ, սակայն աշխատատեղեր չկան. մասնագետների  կարիք գյուղը չունի, ունի աշխատատեղերի կարիք: Գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Ըստ գյուղացիների՝ հեռանկարային կլիներ տեղում գյուղմթերքի մշակման արտադրամասի կառուցումն ու գործարկումը: Գյուղում գարու և գազարի բերքի աճին զուգահեռ՝ կրճատվել է կարտոֆիլի բերքը, որը պայմանավորված է կարտոֆիլի` նախորդ տարվա իրացման հետ կապված խնդիրներով:

Բերքի մեծ մասը սպառվում է տեղում` սեփական կարիքների բավարարման համար: Լուրջ խնդիրներ կան բերքի իրացման հետ կապված:  Գյուղացիները մեզ հետ զրույցում առանձնացրեցին բերքի իրացման ցածր գները, պետական աջակցության բացակայությունը, ինչպես նաև՝ Վրաստանի շուկայում իրացման հետ կապված խնդիրները: Կաթի մթերման գնի տատանումները ևս բացասաբար են ազդում գյուղացիների վրա: Նրանք նաև նշեցին գյուղատնտեսական սերմերի վատ որակի հարցը՝ նկատելով, որ դրանք վաճառելուց առաջ չեն փորձարկվում մեր բնակլիմայական պայմաններում: Գյուղի հիմնախնդիրներից գյուղացիները առանձնացնում են նաև ջրագծերի և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման,  գյուղի լրիվ գազիֆիկացման հարցերը:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս