Մեղադրական ճառը ներկայացվեց. մեղադրողը միջնորդեց Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարի ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը ներկայացրեց մեղադրական ճառը: Արամ Ամիրզադյանն ասաց, որ հնչած երկու կրակոցների փաստը հիմնավորվում է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի և տուժող Պարույր Հայրիկյանի ցուցմունքներով, ինչպես նաև Խ. Պողոսյանի կնոջ կողմից ներկայացված Նագան տեսակի ատրճանակը. հետագայում փորձաքննությամբ հավաստվել է, որ կրակոցներն արձակվել են հենց այս թմբուկավոր ատրճանակից։ Ըստ մեղադրող Ա. Ամիրզադյանի մեղադրական ճառի՝ այս հանգամանքը հիմնավորվել է բազմաթիվ այլ փորձաքննություններով: Ա. Ամիրզադյանն ասաց, որ համադրելով ապացույցները, հանգում է այն եզրակացության, որ հունվարի 31-ին Խ. Պողոսյանի կողմից արձակվել է երկու կրակոց, ինչի արդյունքում Պ. Հայրիկյանը ստացել է վիրավորում:
Վերլուծելով Վարդան Սեդրակյանի առնչությունը գործին՝ Արամ Ամիրզադյանն ասաց, որ ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը դրդապատճառ չեն ունեցել Վարդան Սեդրակյանին զրպարտելու համար։ Ամբաստանյալները, լինելով մտերիմ Վ. Սեդրակյանի հետ, ոչ մի դրդապատճառ չեն ունեցել նաև Վարդան Սեդրակյանից գումար շորթելու համար, նրանք իրենց դատաքննական ցուցմունքներում անտրամաբանորեն հրաժարվել են նախաքննական ցուցմունքենրի այն հատվածից, որը վերաբերում է Վարդան Սեդրակյանին: Ըստ մեղադրողի՝ ամբաստանյալների այն հայտարարությունները, թե իրենք տվել են Վարդան Սեդրակյանի անունը նրանից գումար շորթելու համար, տրամաբանական կապի մեջ չեն կարող մտնել գործով ապացույցների հետ:
Արամ Ամիրզադյանն ասաց, որ հանցագործություն կատարած անձիք ունեցել են տուժող Պ. Հայրիկյանին սպանելու նպատակ: Արամ Ամիրզադյանն ասաց, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները ճիշտ են որոկված:
Այսպիսիով, մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց Վարդան Սեդրակյանին դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով, Սամվել Հարությունյանին՝ 13 տարի ժամկետով, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարի ժամկետով: