Բաժիններ՝

«Գիտական հանրության շրջանում կարծրատիպերը վնասում են հենց գիտնականներին»

«Մեր ժողովուրդը հիանալի ժողովուրդ է, ես բազմաթիվ նամակներ եմ ստացել տարբեր մարդկանցից, ովքեր ողջունել են ինձ և, անգամ չհասկանալով իմ լուծած խնդրի էությունը՝ իրականում հպարտացել են, որ հայ գիտնականը կարող է նմանատիպ բարդ մաթեմատիկական խնդիր լուծել»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կառլեն Ղարիբյանը: Նա մասնագիտությամբ ծրագրավորող-մաթեմատիկոս է, ավարտել է Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1994-1996 թվականներին սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Արտադրական ինժեներություն (Industrial Engineering) ֆակուլտետում:

Կ. Ղարիբյանը նշում է, որ իրեն դեռ տարիներ առաջ հաջողվել է լուծել աշխարհի 7 բարդագույն խնդիրներից մեկը՝ արդյո՞ք P=NP: Սակայն խնդրի լուծման վերաբերյալ ոչ հայաստանյան գիտական հաստատություններում, և ոչ էլ արտասահմանյան գիտական կառույցներից գիտական հիմնավորում` հաստատում կամ հերքում այդպես էլ չի ստացել, թեև խնդրի լուծմանը հանգել է 1995 թվականին, իսկ 10 տարի անց` 2005 թվականին, այն որպես գիտական հոդված՝ հրապարակել է Arxiv.org ինտերնետային կայքում:

«Իմ գիտական հոդվածն արդեն տպագրված է և հասանելի է բոլորին, դա թաքցրած բան չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Կ. Ղարիբյանը: Զարմանալին այն է, սակայն, որ հոդվածում գրականություն ընդհանրապես գոյություն չունի, որովհետև, ինչպես հեղինակն է ասում, ինքը խնդիրը լուծելիս ոչ մի գրականությունից պարզապես չի օգտվել:

«Սա նորություն է, գիտական շրջանակներում այն կոչում են՝ break through (осуществлять прорыв), սա բեկում է համաշխարհային գիտության բնագավառում: Շատ գիտնականներ նշում են, որ կասկածում են այդ ամենի վրա, սակայն նրանք որևէ գիտական հիմնավորում այդպես էլ չեն բերում, թե ինչո՞ւ են կասկածում, կամ որտե՞ղ է իմ կատարած սխալը, եթե այդպիսիք կան»,- ասաց Կ. Ղարիբյանը:

Ըստ մեր զրուցակցի` գիտական հանրության շրջանում գոյություն ունեցող կարծրատիպը, թե այս խնդիրը հնարավոր չէ լուծել, թույլ չի տալիս, որպեսզի դրա վրա ուշադրություն դարձնեն գործարարները, և անգամ նրանք, ովքեր հակված են հավատալու խնդրի լուծմանը, փոխում են իրենց միտքը`լսելով բազմավաստակ գիտնականների կարծիքը, թե նման բան հնարավոր չէ:

Կ. Ղարիբյանը նշում է, որ իր աշխատանքը ներկայացրել է Ֆրանսիայում, Ամերիկայում, Գերմանիայում, դրսի գործարարները հավանում են նրա առաջարկն ու բիզնես պլանները, սակայն, երբ շփվում են գիտական հանրության ներկայացուցիչների հետ՝ վարանում են ներդրումներ կատարելու հարցում:

Կ. Ղարիբյանը, որպես օրինակ, նշում է ռուս տաղանդավոր մաթեմատիկոս Պերելմանի օրինակը, ով 2002 և 2003 թվականներին ներկայացնելով իր աշխատանքր arxiv.org էլեկտրոնային ամսագրում՝ լուծել էր աշխարհի ամենաբարդ 7 խնդիրներից մեկը` Պուանկարեի խնդիրը, որն առաջարկվել էր 20-րդ դարի սկզբներին: Նրա լուծմանը նույնպես չէին հավատում, և հսկայական տառապանքներից և բանավեճերից հետո միայն այն հաստատվեց (Journal Science) 2010 թվականին: Ըստ գիտնականի՝ այս իրավիճակում պետք է նշել հայ տաղանդավոր մաթեմատիկոս Լեոնիդ Խաչյանի օրինակը, ով լուծել էր, այսպես կոչված, գծային հավասարումների խնդիրը 1979 թվականին՝ առաջին անգամ ներկայացնելով իր Ellipsoid ալգորիթմը: Այսօր հրեաները նրա մասին խոսում են՝ որպես տաղանդավոր խորհրդային մաթեմատիկոսի մասին, և նրան համարում են համաշխարհային ռուս գիտնական և որևէ տեղ գրված չէ, որ ինքը հայ է: «Հիմա Հայաստանում հարցրեք, տեսեք՝ մեկը գիտի՞ նրա մասին, ցավոք սրտի՝ շատ քչերը միայն գիտեն, իսկ ինչո՞ւ…»,- ասաց Կ. Ղարիբյանը` նշելով, որ նման աշխատանքների ի հայտ գալուց հետո հրավառություն է տիրում ամբողջ երկնակամարում, և ինֆորմացիոն հեղափոխություն է կատարվում ամբողջ աշխարհում:

Կ. Ղարիբյանի խոսքով` եթե կան գիտականներ, ովքեր կարող են այս ամենի շուրջ կառուցողական մոտեցում ցուցաբերել, ապա ինքը սիրով պատրաստ է լսել և համագործակցել նրանց հետ, սակայն ցանկանում է հիմնավոր գիտական մոտեցում և առարկայական քննարկում ծավալել: Կառլեն Ղարիբյանը լուրջ չի համարում կենցաղային մակարդակի խոսակցությունները` հավատում եմ կամ պարզապես չեմ հավատում տարբերակով:

Կառլեն Ղարիբյանի 168.am-ի ամբողջական հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս