Դեսպանը հաշվառում է «ռուսական դեսանտը»

Մինչ հասարակության ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների վրա, ակտիվ, սակայն ոչ այնքան հրապարակային գործընթացներ են տեղի ունենում նաև արտաքին քաղաքական ուղղություններով: Նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի ավարտից հետո Լիտվայի արտգործնախարարը հայտարարել է, թե ցանկության դեպքում Հայաստանը կարող է ավելի շուտ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Շատ ավելի ակտիվ «աշխատանքներ» են իրականացվում մյուս՝ այսպես կոչված, եվրասիական ուղղությամբ:

Ռուսական բոլոր «փորձագետները» գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ են անում այն մասին, որ Հայաստանը ռազմական անվտանգության առումով այլընտրանք չունի, քան Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ապավինելը, որ եվրաինտեգրացիա Հայաստանի համար ընդհանրապես գոյություն չունի, և այլն: Միաժամանակ Հայաստանում ակտիվ քարոզչական աշխատանքներ են կատարվում Եվրասիական միությանն անդամակցելու ուղղությամբ, ստեղծվում են «եվրասիական» զանազան նախաձեռնություններ: Այս համատեքստում,  ըստ էության, բավական աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը: Վերջին օրերին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Վոլինկինն ինտենսիվ հանդիպումներ է ունենում քաղաքական դաշտում ընդգծված ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի ղեկավարների հետ:

Մասնավորապես, նախօրեին Վոլինկինը հանդիպել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության՝ ՀԴԿ-ի նախագահ Արամ Սարգսյանի, հաջորդ օրը՝ «Սահմանադրական Իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի դեսպանը զրուցակիցների հետ քննարկել է «երկկողմ օրակարգի արդիական հարցեր, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները»։

Հասկանալի է, որ  «երկկողմ օրակարգի արդիական հարցեր» ասելով, առաջին հերթին, պետք է հասկանալ Մաքսային/Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, որի նպատակով Ռուսաստանն արդեն միջոցների մեջ խտրություն չի դնում: Հայաստանում «ռուսական գծի» ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղավորվում են հենց այս համատեքստում:

Իհարկե, այս կուսակցությունները որևէ էական նշանակություն ու կշիռ չունեն քաղաքական դաշտում, բայց նրանք կարող են պետք գալ քարոզչական պայքարում: Բայց կոնկրետ Հայկ Բաբուխանյանի հետ հանդիպման մասին տեղեկատվությունն ուշագրավ է մեկ այլ առումով. Բաբուխանյանն իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր է:

Այսինքն՝ մեկն է այն պատգամավորներից, ովքեր նախաստորագրվելու դեպքում ՀՀ ԱԺ-ում քվեարկելու են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ու բացառված չէ, որ նմանատիպ հանդիպումներով (վստահաբար կարելի է ասել, որ առաջիկայում ևս տեղի կունենան հրապարակային և ոչ հրապարակային բազմաթիվ այդպիսի հանդիպումներ) Ռուսաստանը փորձում է «հաշվարկել» նաև Հայաստանի խորհրդարանում Ասոցացման համաձայնագրի տապալման հնարավորությունը:

Մի խոսքով, ներկայումս Հայաստանում տեղի է ունենում «ռուսական դեսանտի հաշվառման» գործընթաց, որը պրակտիկ գործողությունների կարող է անցնել ցանկացած պահի:

Տեսանյութեր

Լրահոս