Օսկանյանը բացեց ԲՀԿ-ի վերադարձի ճանապարհը
Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ, այսպես կոչված, «փողերի լվացման» գործով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է նրա կողմից՝ իր մեղքը խոստովանելու և պետությանը հասցված վնասը փոխհատուցելու պատրաստակամության հիմքով: Կարճ ժամանակ անց հայտարարությամբ է հանդես եկել Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ ինքը որևէ խոստովանություն չի արել, և իր դեմ հարուցված քրեական գործը կարճվել է, որովհետև «հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել և ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել»:
Մի կողմ թողնելով ԱԱԾ-ի հաղորդագրության և Վարդան Օսկանյանի հերքման արժանահավատության հարցը, արձանագրենք, որ նախկին արտգործնախարարի դեմ ավելի քան մեկ տարի առաջ սկսված և նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պատճառ դարձած գործը կարճվեց:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն իշխանությունները ներկայացնում էին՝ գրեթե որպես ազգային անվտանգության նշանակություն ունեցող խնդիր, ԱԺ-ում այդ հարցով քննարկումներն անցան չափազանց լարված ու բուռն մթնոլորտում: Այդ ընթացքում տեղի ունեցան համապետական և Երևանի ավանագանու ընտրություններ, ԲՀԿ-ն այդպես էլ չհրաժարվեց «այլընտրանքի» իր կարգավիճակից, իսկ այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» չի եղել և չի կարող ընդդիմություն լինել:
Հիշեցնենք նաև, որ մինչ այդ նույն Վարդան Օսկանյանը հանդես էր եկել աշնանը ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ հռչակելու առաջարկով, որը կուսակցության կողմից որակվեց՝ որպես անձնական և ընդամենը «քննարկման արժանի» առաջարկ: Դրանից հետո Վարդան Օսկանյանը գործնականում դադարեցրեց հրապարակային գործունեությունը, Ֆեյսբուքում մեկնաբանություններ գրելը, լրատվամիջոցների հետ շփումները: Այսինքն՝ նրա՝ ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտում տեսնելու առաջարկը մոռացության մատնվեց ոչ միայն կուսակցության, այլ նաև անձամբ իր կողմից:
Նշենք, որ այս ողջ ընթացքում մամուլում և քաղաքական կուլիսներում պարբերաբար լուրեր էին շրջանառվում ԲՀԿ-ի երկփեղկվածության մասին, խոսում են, որ այդ կուսակցության գործարար անդամներն ամեն պահի կարող են դուրս գալ ԲՀԿ-ից, եթե վերջինս դառնա ընդդիմություն: Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի կարճումը, ըստ էության, վերջակետ դրեց այդ երկփեղկվածությանը: ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր դաշտ անցնելու փոխարեն՝ ըստ էության, Վարդան Օսկանյանն անցավ կուսակցության՝ իշխանական դաշտ, ինչի դիմաց էլ, թերևս, դադարեցվեց քրեական հետապնդումը նրա նկատմամբ, աշնանն էլ հավանաբար կվերականգնվի նրա պատգամավորական անձեռնմխելիությունը:
Բացառված չէ նաև, որ այս գործի, ավելի ճիշտ, գործի կարճման արդյունքում՝ ԲՀԿ-ն վերադառնա իշխող կոալիցիա: Հայաստանում սոցիալական վիճակն օր-օրի ծանրանում է, տրանսպորտի թանկացման դեմ պայքարը սպառնում է վերաճել սոցիալական բունտի, և բացառված չէ, որ իշխանությունը ԲՀԿ-ին «փողոցից կտրելու» նպատակով վերադարձնի կոալիցիա: Այնտեղ, որտեղ իրեն շատ ավելի հարմարավետ է զգում այդ կուսակցության անդամների մեծամասնությունը: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա նա կամ պետք է դուրս գա ԲՀԿ-ից (ինչի հավանականությունը չափազանց փոքր է) և, որպես անհատ, ընդդիմադիր գործունեություն ծավալի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով (նաև քրեական գործի «թարմացման»), կամ պետք է համակերպվի ԲՀԿ-ի այլընտրանքային կարգավիճակին: Կոալիցիայում կամ դրանից դուրս: