Մկրտիչ Արզումանյան. Ես էլ եմ միանում ակցիային, կփորձեմ ազատ երթուղի ընտրել
Դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Կարգին Մկոն ևս միացել է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Մկրտիչ Արզումանյանը:
«Ես ակցիայի համախոհ եմ, բայց ֆիզիկապես չէի կարող միանալ, որովհետև քաղաքում չէի, բայց այն, ինչ կատարվում է՝ կողմ եմ երկու ձեռքով ու եթե այսպես շարունակվի և եթե այսպես հետևողական նույն բանը պնդենք բոլորս, ինձ թվում է՝ շատ լավ կլինի և հնարավոր է՝ 150 դրամի փոխարեն տրանսպորտը դառնա 100 դրամ:
Միանալու հետ կապված ասեմ, որ ես կմասնակցեմ այդ ամենին և ես նույնպես կտեղափոխեմ ուղևորներ»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանը:
Նա նշեց, որ մինչ այս չի կարողացել ակցիային միանալ, որովհետև ֆիլմի նկարահանումների էր, բայց մտածում է, որ այն. ինչ անում են իր ընկերները՝ «շատ ճիշտ է»:
«Շատ լավ է, որ հետևողական են բոլորը և ուրախացնում է, որ համախմբվել են այս հարցի շուրջ: Հայաստանում շատ-շատ հարցեր կան լուծելու, միայն այս հարցը չէ, ուղղակի կուզենայի, որ բոլորի նկատմամբ էլ այսպես հետևողական լինեին»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը:
168.am-ի հարցին՝ արդյոք որոշե՞լ եք՝ ինչ երթուղիով ե տեղափոխելու մարդկանց, դերասանը պատասխանեց. «Կոնկրետ երթուղի դեռ չեմ մշակել: Կփորձեմ ազատ երթուղի ընտրել: Ես Զեյթունում եմ բնակվում, այնպես չէ, որ միայն Զեյթուն կքշեմ: Կփորձեմ մարդկանց տեղափոխել Երևանի տարբեր համայնքներ: Կարծում եմ, որ այդպես է ճիշտը և ոչ թե որ ինձ հարմար լինի, օրինակ, Զեյթուն տեղափոխելը, միայն Զեյթուն տեղափոխեմ»: