Ըստ ամերիկյան հետազոտությունների՝ պլաստիկ վիրաբույժներին դիմող հիվանդների 30-40 տոկոսն ունենում է հոգեկան թերարժեքության խնդիրներ

Չնայած պլաստիկ վիրահատությունների գները սահմանվում են բժշկական հաստատությունների տնօրինությունների կողմից, այնուամենայնիվ, գազի գնի թանկացումը կարող է ազդել դրանց գների վրա: Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր միկրովիրաբույժ, Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ, ռեկտորի խորհրդական Արտավազդ Սահակյանը: Մեզ հետ զրույցում նա պատմել է նաև վերջերս գրանցված բարդ դեպքերի և ոլորտի այլ խնդիրների մասին:

– Այժմ պլաստիկ վիրահատություններ անում են բավական շատ կլինիկաներում: Ինչպե՞ս եք գնահատում վիրաբույժների պատրաստվածությունը:

– Պլաստիկ վիրաբուժությունը բավական ծավալուն, պատասխանատու և լուրջ վիրահատության տեսակ է: Որոշ մարդկանց թվում է, թե սա քթագործություն է կամ կոսմետիկ ինչ-որ միջամտություն: Իրականում ծանրագույն, պատասխանատու, հաճախ անշնորհակալ մասնագիտություն է, որն առնչվում է ոչ միայն վիրաբուժական հիվանդությունների հետ: Առանց լավ ուսման որևէ վիրաբույժ չի կարող կայացած և հաջողակ լինել: Այլ բան է, որ որոշ վիրաբույժներ ի վիճակի են միայն քթագործությամբ զբաղվել, ականջ շտկել կամ իմպլանտ դնել: Այս մասնագիտությունն իրականում առնչվում է վնասվածքաբանության, ուռուցքաբանության հետ:

Եթե հեռացվել է կնոջ կուրծքը, քիթը կամ մարմնի որևէ այլ մասը, նրանք ապրում են ներքին թերարժեքության զգացումով: Ես ունեի մի հիվանդ, որի կուրծքը հեռացրել էին 24 տարեկանում, և, երբ 29 տարեկանում նա առաջին անգամ եկավ ինձ մոտ խորհրդատվության, նա ամբողջությամբ չարությամբ էր լցված, ատում էր բոլոր կանանց, հատկապես թեթև վարքի տեր աղջիկներին: Լավ վիրաբույժը պետք է ունակ լինի ամոքելու նրանց ցավը, վերաբերվելու նրանց` ինչպես հարազատին: Սա է, իմ կարծիքով, պլաստիկ վիրաբույժի կերպարը: Այլ հարց է, որ հանրապետությունը լի է ինքնակոչ այլ վիրաբույժներով, որոնք կատարում են պլաստիկ վիրահատություններ՝ լավ թե վատ: Նրանք կամ ոչնչանում են շուկայում, կամ հեռանում, կամ կայանում: Ես՝ որպես երկրի գլխավոր մասնագետ, բավական լոյալ եմ: Ինչևիցե, լա՞վ է, թե՞ վատ, պատկերն այսպիսին է:

Կարդացեք նաև

– Վերջերս ի՞նչ բարդ դեպքեր են գրանցվել:

– Այս ամռանը երկու նման դեպք ունեցանք: Բարդագույն դեպքը Հոլանդիայից եկած երկու տարեկան երեխան էր, ով ձեռքը մտցրել էր էլեկտրական մսաղացի մեջ: Երեխային հիվանդանոց բերեցին փրկարարները՝ շտապօգնության մեքենայի ուղեկցությամբ: Երեխայի ձեռքը մինչև արմունկը գտնվում էր մսաղացի մեջ: Մեզ հաջողվեց ընդհանուր անզգայացման պայմաններում մսաղացից դուրս բերել երեխայի ձեռքը, որը եռակի, քառակի անդամահատված էր: Երեխային վիրահատեցինք, վերականգնեցինք ձեռքն ամբողջությամբ:

Առաջին վիրահատությունը տևեց 8 ժամ, հաջորդ առավոտյան տրոմբոզ եղավ, և ես ստիպված նույն օրը վիրահատեցի նրան ևս 6 ժամ, այսինքն՝ երեխան 14 ժամ նարկոզի տակ էր: 9-րդ օրը վատացավ, մենք ստիպված տզրուկներ կպցրեցինք, որովհետև արդեն անհնար էր փոքրիկ երեխային այդքան նարկոզներ տալ: Արդյունքում՝ դաստակը փրկվեց: Հետագայում ծայրային ֆալանգների սևացում եղավ 5-րդ մատին, և վերջում բութը և ցուցամատը պահպանվեցին ամբողջությամբ: Մյուս երեք մատներից մենք կորցրել ենք որոշ մասեր, որոնց ֆունկցիան կա, երեխան կարող է գրել: Նման տիպիկ դեպքի համար ես սա լավ արդյունք եմ համարում: Սա է մեր առօրյան: Վերջերս որոշ լրատվամիջոցներ գրում էին, իբր թե ապահովագրության համար ես չեմ վիրահատում, բայց վիրահատությունն ամբողջովին կատարվել է անվճար:

Մյուս դեպքը կնոջ կրծքագեղձի վերականգնումն էր: Հիվանդն այցելել էր մեզ և չհավանելով մեր հիվանդանոցի հին պատերը՝ դիմել էր շատ ավելի շքեղ կլինիկա, որտեղ մեր օտարերկրացի կոլեգաների կողմից վիրահատվել էր, և ունեցել էինք սնուցման տոտալ խանգարում: Նման բան կարող է պատահել անգամ լավ վիրաբույժների վիրահատությունից հետո: Միակ ելքը նեկրոզված հյուսվածքների հեռացումն էր և զրոյից կրծքագեղձի վերապատվաստումը: Սա մեր կողմից անվճար արվեց:

– Որոշ վիրաբույժներ նշում են, որ վիրահատություն անել ցանկացողների մի մասը թերարժեքության խնդիրներ ունի…

– Ըստ ամերիկյան հետազոտությունների՝ մեզ դիմող հիվանդների 30-40 տոկոսն ունենում է հոգեբանական, հոգեկան թերարժեքության խնդիրներ, և այսպիսի հիվանդների հետ պետք է բավական զգուշավոր գործ ունենալ:

Ամերիկացիներն ունեն նույնիսկ պրովոկացիոն թեստեր, որոնք ի հայտ են բերում որոշակի ագրեսիվություն կամ հոգեկան խանգարումներ: Ավելի լավ է ի սկզբանե դու ունենաս կոնֆլիկտ նման հիվանդի հետ, չվիրահատես, քան վիրահատես և կրակն ընկնես: Ես բազմիցս կրկնել եմ այս բառերը, և ինքս էլ երբեմն պրոբլեմներ եմ ունենում: Մեզ երբեմն դիտում են` որպես սպասարկող անձնակազմ, ասենք՝ ասես մատուցողուհու տեղ դնեն, կամ ենթարկվողի, կամ ստրուկի, բայց մենք էլ ունենք մեր հպարտությունը: Պարտավոր ենք ամեն ինչով ծառայել հիվանդին, բայց հիվանդները պետք է պարկեշտ լինեն և հարգեն բժշկին:

– Մի առիթով ասել էիք, որ ամռանը հիվանդների հոսքը մեծանում է. վիրահատության են դիմում ուսանողները, ինչպես նաև` արտասահմանցիները: Այժմ արտասահմանցի հիվանդներ Ձեզ դիմո՞ւմ են:

– Այո: Ես չեմ կարծում, որ դրսի որևէ մասնագետի մենք խելքով կամ փորձով զիջում ենք: Համենայն դեպս, ես աշխատել եմ Ֆրանսիայում, Գերմանիայում, վիրահատել եմ, իմ գործընկերները ինձ հարգել են, և հիմա էլ գալիս են իմ ղեկավարած կլինիկա` երկու պատճառով: Առաջինը՝ էժանության, երկրորդը՝ որակի: Վիրահատությունը մաթեմատիկա չէ, որ 100 տոկոսով երաշխիք տանք: Մինչև 15 տոկոս դեպքերում, երբեմն մինչև 30 տոկոս դեպքերում կարիք է լինում կրկնակի շտկման գնալ, փոքր միջամտություններ անել: Նման դեպքերում պետք է քաջություն ունենալ, հիվանդին բացատրել, հատկապես, եթե նա ազնիվ հիվանդ է, և հիմնարկի կամ բժշկի հաշվին շտկումներ անել: Երկրի ազգաբնակչության խճանկարը փոխվել է` ի վնաս մեզ, ավելի քիչ վճարունակ մարդիկ են մնացել Հայաստանում, միջին խավից մի հսկա զանգված գտնվում է դրսում, և մեզ երբեմն դիմում են ոչ ազնիվ մարդիկ, վիրահատությունից հետո անցնում են տարիներ կամ ամիսներ, կարող են այցելել, շանտաժի ենթարկել և ետ պահանջել գումարը դիտավորյալ: Մի քանի նման դեպքեր ես ունեցել եմ:

Virahatutyun

– Սովորաբար նշվում է, որ Հայաստանում էսթետիկ վիրահատություններից ամենատարածվածները քթի, կրծքագեղձի վիրահատություններն են, լիպոսակցիան…

– Մանուկ հասակում հիմնականում տարածված են բնածին արատների շտկումները՝ ճեղքված քիմք, նապաստակի շուրթ, լոշտակություն, ականջի խեցու բնածին բացակայություն: Պատանի-դեռահաս հասակում՝ մինչև 25 տարեկանը, տարածված են քթի վիրահատությունը, որովայնի կամ ազդրերի, ծնկահոդի շրջանների լիպոսակցիան: Ավելի մեծ տարիքում տարածված են կրծքերի մեծացումը, փոքրացումը, լիպոսակցիան, հետույքի, ազդրերի կորեկցիան, ծեր հասակում՝ կնճռահատումը, դեմքի օղակաձև ձգումը, պարանոցի երիտասարդացումը, կոպերի պլաստիկան: Սկսած երիտասարդ տարիքից՝ կատարում են նաև շուրթերի թարմացում, հաստացում:

– Պլաստիկ վիրաբույժները հաճախ են ասում, որ արտասահմանյան կլինիկաների համեմատ` Հայաստանում գները մի քանի անգամ մատչելի են: Հայաստանում, սակայն, վերջերս բարձրացավ գազի սակագինը, որն էլ իր հերթին` այլ թանկացումների առիթ դարձավ: Սա որքանո՞վ կարող է ազդել պլաստիկ վիրահատությունների գների վրա:

– Դա տնօրինության հարցն է, բայց իմ կարծիքով՝ ազդեցություն կունենա: Գազն այնպիսի ողբերգական հարց է, որ, իհարկե, ունենում է:

– Վերջերս Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում ծնոտի վիրահատությունից երկու օր անց մահացավ 28-ամյա մի երիտասարդ: Նրա ծնողները պնդում էին, որ իրենց զավակը մահացել է բժշկի մեղքով: Ծանո՞թ եք արդյոք դեպքին, ի՞նչ կարող եք ասել` որպես ՀՀ ԱՆ գլխավոր միկրովիրաբույժ:

– Ես տեղյակ եմ այնքանով, որքանով դուք: Առայժմ մեզ դիմող չի եղել ոչ դատաբժշկական համակարգի, ոչ էլ իրավապահ մարմինների կողմից: Որևէ կարծիք չեմ կարող հայտնել, բացի այն, որ շատ ցավում եմ, որ երիտասարդ հիվանդ է մահացել: Վիրահատող վիրաբույժին ճանաչում եմ, գրագետ տղա է: Կա վիրաբուժական մահ, անեսթեզիոլոգիական մահ: Գաղափար չունեմ:

– Իսկ դժբախտ ելքով տարեկան քանի՞ դեպքեր են գրանցվում Հայաստանում:

– Շատ չեն: Եզակի դեպքեր: Ես հիշում եմ «Նաիրի» բժշկական կենտրոնում գրանցված դեպքը, որտեղ բժշկական անձնակազմի մեղքը չկար: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գրանցված դեպքից տեղյակ չեմ:

– Պարոն Սահակյան, կհիշե՞ք՝ ի՞նչ տարօրինակ վիրահատություններ անելու ցանկություններով են մարդիկ Ձեզ դիմել:

– Տարօրինակ մի դեպք եղել է օրեր առաջ: Կլինիկա էր դիմել մի երիտասարդ: Երիտասարդը հարցրեց՝ արդյոք մենք ապահովագրությամբ վիրահատո՞ւմ ենք: Ես ասացի՝ իհարկե, վիրահատում ենք, պայմանավորվե՛ք ավագ քրոջ հետ: Խոսքը՝ շնչառության վերականգնման միջամտության մասին էր: Հետագա զրույցների ընթացքում նա ոչ թե իմ խորհրդատվությունն էր լսում, այլ անընդհատ ինքն էր խոսում, ասում էր, թե որտեղ՝ որ բժիշկն իրեն ինչ է ասել, որ գործակալության հետ ինչ է պայմանավորվել, թե քթի ծայրն ինչպես կարող է կարճացնել, բարձրացնել, ավելի գեղեցկացնել, և ինձ անընդհատ ապացուցում էր, որ դա կարելի է անել այդ ապահովագրության միջոցով, այսինքն՝ ինձ դրդում էր բացարձակ կեղծիքի: Եթե նա ազնվորեն ինձ խնդրեր, ասեր, որ ինքը հնարավորություն չունի, թե կարելի՞ է սրա անունով պլաստիկ վիրահատություն անել, հավանաբար ինձ ճանաչողները գիտեն, որ բավականին բարի մարդ եմ, ես կգնայի դրան՝ չնայած շատ հոգնած էի:

Բայց երբ որ զգում ես՝ դիմացինդ խորամանկում էգ Ես ուղարկում եմ, ինքը հետ է գալիս: Ասացի` եղավ, վիրահատվե՛ք Արմեն Լևոնիչի մոտ: Նա հրաժարվեց՝ պնդելով, որ իրենք եկել են, որ ես վիրահատեմ: Անընդհատ կրկնում էր, թե այնտեղի բժիշկն իրեն ասել է, որ կարելի է այդ վիրահատությունն անել ապահովագրության սահմաններում: Ինձ հունից հանելն իրոք դժվար է, բայց այդ օրըգ Ես միգուցե այդ օրն այնքան էլ ջերմ չէի, բայց ես պահպանեցի օրենքը, ճշմարտությունը:

Վիրավորական է, որ մի լրագրող (նա կարող է գրել` ինչ ցանկանում է, դա իր իրավունքն է), ում ես չեմ ճանաչում, իմ ամբողջ խոսքերը, իր արարքները հանել է, գրել է միայն իմ վերջին բառերը, թե՝ մենք` 10 տոկոսն ենք ստանում, դրա համար չենք վիրահատում: Դա բացահայտ սուտ է: Ես միայն ասացի, որ փողն ինձ համար կարևոր չէ: Հենց այդ օրը ես պետպատվերով հիվանդ եմ վիրահատել և ամեն օր էլ անում եմ: Եթե հիմա էլ գա, ներողություն խնդրի, ասի, որ վատ բան է արել, ես էլի չեմ մերժի: Մարդիկ են՝ մի քիչ արևելյան խորամանկությամբ: (Նշենք, որ օրեր առաջ լրագրող Աննա Բարսեղյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Արտավազդ Սահակյանը հրաժարվել է իր բարեկամներից մեկին վիրահատել, քանի որ նա ապահովագրված է եղել: Ըստ նրա՝ Ա. Սահակյանն ասել է՝ իրեն ապահովագրությամբ վճարվող գումարի 10 տոկոսն էլ չի հասնում, այդ պատճառով չի պատրաստվում ժամանակ վատնել ապահովագրված հիվանդի վրա.- Օ.Հ.)

– Վերջերս պլաստիկ վիրաբույժներից մեկը հայտարարել էր, որ Հայաստանում շատերն են ցանկանում սեռափոխվել: Ճի՞շտ է:

– Սուտ է: Շատ չի եղել: 2-3 դեպք է եղել, դիմել են, առայժմ սեռափոխություն չի արվել: Դա բավական լուրջ պրոցեդուրա է, պետք է արվի հոգեբանի, հոգեբույժի խորհրդատվությունից հետո: Այդքան դժվար վիրահատություն չէ: Ես արտասահմանում բազմիցս մասնակցել եմ նմանատիպ վիրահատության:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս