Բաժիններ՝

ԴԻ ԱՅ ՎԱՅ ակումբի հրկիզման գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, ԴԻ ԱՅ ՎԱՅ ակումբի  հրկիզման գործով այսօրվա դատական նիստը կրկին հետաձգվեց՝ ամբաստանյալների պաշտպան Կարեն Ղազարյանի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Փաստաբանն իր պաշտպանյալների միջոցով գրություն էր փոխանցել դատավորին՝ նշելով,  որ վատառողջ է և խնդրել նիստը հետաձգել:

Նշենք, որ նախորդ նիստը չէր կայացել՝ մեղադրող դատախազի բացակայության պատճառով:

Ըստ մեղադրանքի՝ Արամեհ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանը, ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն ձեռք բերելով եղբոր՝ Համբիկ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանի հետ, 2012թ. մայիսի 08-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, աշխատանքային ժամից հետո, ժամանել է Երևանի Ղ.Փարպեցի 14/11 հասցեում գործող «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատկանող ԴԻ ԱՅ ՎԱՅ անվանումը կրող ակումբի մոտ, որտեղ ոտքով հարվածներ հասցնելով՝ կոտրել է հիշյալ ակումբի մուտքի դռան ապակին, ապա հանրավտանգ եղանակով իր հետ նախապես տարայով բերված բենզինով դիտավորությամբ հրկիզել է ակումբը, որից հետո դիմել է փախուստի՝ «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 3.227.563 ՀՀ դրամի գույքային վնաս։

Համբիկ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանին էլ մեղադրանք է առաջադրվել՝ եղբորը օգնելով  նշված ակումբը հրկիզման եղանակով ոչնչացնելու համար: Կատարած արարքի համար եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս