Պրոֆեսիոնալ ջազը՝ Գյումրիում
Նիցշեն ասել է. «Առանց երաժշտության՝ կյանքը սխալմունք կլիներ»: Երաժշտությունը մարդկության ունիվերսալ լեզուն է, որով «խոսում» են բոլորը, հասկանում` շատերը, իսկ արարում` ընտրյալները: Այն ստիպում է մտածել գեղեցիկ, պահանջում անվերապահորեն նվիրվել իրեն: Միայն այդ դեպքում նա կտա ցանկալին` սեր, երջանկություն և ազատություն:
«Գյումրին`2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում քաղաքն արդեն որերորդ անգամ ունկնդրում է պրոֆեսիոնալ ջազ երաժշտություն:
Քաղաքը վերածննդի կարիք ունի: Թե որքանով ԱՊՀ մշակութային մայրաքաղաք լինելու փաստը կազդի քաղաքի առաջընթացի ու վերափոխման վրա, դա դեռ մեծ հարց է: Լավ թե վատ, սակայն ամեն ծրագիր չէ, որ արվում է մաքսիմալ նվիրվածությամբ: Արդյունքները խոսում են երևույթի փոխարեն: Սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքում փորձեր են արվում վերակենդանացնել վաղեմի մշակութային շունչը. ծրագրեր, որոնց մասին ընդամենը մի քանի տարի առաջ խոսելն անգամ համարձակություն կլիներ, հիմա արդեն իրականություն են. քաղաքը ջազ է լսում:
2012 թվականի նոյեմբերին «Manukyan production»-ը և Գյումրիի «Ջազ ակումբը», Գյումրիի քաղաքապետարանի հետ համատեղ, ազդարարեցին «Ջազը և Գյումրին» նախագծի մեկնարկը: Ծրագիրը մինչ օրս ներկայացրել է 6 համերգ, որոնց մասնակցել են այնպիսի ջազմեններ, ինչպիսիք են Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, էթնո-ջազ ոճը ներկայացնող Միքայել Ոսկանյանը և ուրիշներ: «Manukyan production»-ը հիմնադրվել է 2011թվականին, սակայն թիմը` Մկրտիչ Մանուկյանի ղեկավարությամբ, իր գործունեությունը սկսել է ավելի վաղ` ունենալով արդեն ավելի քան տասնամյա գործունեության հարուստ փորձ, իսկ Գյումրիի «Ջազ ակումբն» արդեն հասցրել է դառնալ ջազի սիրահարների նախընտրելի վայրը:
168.am-ի հետ հարցազրույցում ծրագրի հիմնադիր ղեկավար Մկրտիչ Մանուկյանը պատասխանեց նախագծի վերաբերյալ մի շարք հարցերի:
– Ինչո՞ ւ նախագիծը կոչվեց «Ջազը և Գյումրին»:
– Վաղ շրջանից ամենահոգեհարազատը երաժշտական ուղղություններից հենց ջազն էր, Գյումրիում ջազը հզոր հիմքեր ուներ, իսկ հիմա ոլորտը մի տեսակ ազատ է, ու նման ծրագրի իրագործման կարիքն իրոք կա: Քանի որ երկրաշարժից հետո քաղաքում իսկապես գործող ջազ բենդեր գրեթե չեն մնացել, որոշեցինք բացը լրացնել: Նախագծի շրջանակներում համերգները պիտի լինեն ամիսը մեկ, և պարզ լինելու համար որոշվեց այն անվանել ուղղակի` «Ջազը և Գյումրին»:
– Համերգները, որպես այդպիսին, նախատեսված են ոչ մեծաքանակ հանդիսատեսի համար` ընդամենը 200 հոգի: Չե՞ք կարծում, որ դա հասարակության լայն շերտի նկատմամբ անարդարացի է. մեծամասնությանը հրամցնում են անորակ երաժշտություն, իսկ որակյալը «բաժին է հասնում» փոքրաթիվ հանդիսատեսի:
– Գյումիրում ջազ լսող զանգվածը համեմատաբար փոքր է: Ցավոք, անորակ երաժշտությունը կարողանում է ավելի մեծ պահանջարկ վայելել, քան որակովը: Դա պետք է կոտրել: Իսկ կոտրել երևույթը կարող է հեռուստատեսությունը և ռադիոն, զանգվածային լրատվական միջոցները: Կոնկրետ մեր քաղաքի կտրվածքով, այն պահից սկսած, երբ լրատվամիջոցներն ու հեռուստաալիքները սկսեն մտածել որակի մասին` գոնե փոքր-ինչ մի կողմ թողնելով կոմերցիան, երիտասարդությունն ու առհասարակ հասարակության լայն շերտն ինքնըստինքյան կսկսեն լսել ու սիրել որակով երաժշտություն: Նրանցից շատ բան է կախված: Ամեն տիպի ու որակի երաժշտություն էլ պիտի լինի, ու կա, բայց մասսայականացնելով վատը, հասարակության լայն շերտն ինքնաբերաբար սկսում է լսել այն, ինչն ավելի շատ են ցուցադրում եթերով` անկախ ցուցադրվածի որակից:
– Որպես համերգների կազմակերպիչ՝ նկատե՞լ եք արդյոք, համերգներին մեծ մասամբ նույն հանդիսատե՞սն է գալիս, թե՞ համերգից համերգ նոր դեմքերն ավելանում են:
– Կա հանդիսատես, որը նախագծի առաջին համերգից սկսած գալիս է ու ամեն անգամ ներկա է համերգներին: Նոր հանդիսատես ավելանում է, բայց ոչ այնքան, ինչքան պետք է: Պետք է այնպես անել, որ լուրջ ու որակով երաժիշտներին գալ-լսելու ցանկությունն ավելի մեծ լինի, քան, երբ խոսքը գնում է միջին ու անորակ երաժշտության մասին:
Նոյեմբեր ամսին պատրաստվում ենք առաջին անգամ Գյումրիում նշել հայկական ջազի 75-ամյակը, ինչպես նաև «Ջազը և Գյումրին» նախագծի մեկ տարին: Լինելու է մեծ համերգ նախագծի շրջանակներում ելույթ ունեցած բոլոր ջազ բենդերի մասնակցությամբ, որից հետո «Ջազը և Գյումրին» նախագիծն ունենալու է իր շարունակությունը: Առաջինը եղանք Հայաստանում և տպագրեցինք «ՋԱԶ ԻՆՖՈ» տեղեկատվական-մշակութային ամսաթերթը, իսկ հուլիսի 3-ին լրացավ մեր «Ջազ ակումբի» մեկ տարին: Այս ծրագիրն առհասարակ իրադարձություն է Գյումրիի համար: Պլանավորում ենք քաղաքում բացել «Ջազ պուրակ» և մեր ջազային աստղերի ալեա. տեղ, որտեղ մարդիկ կկարողանան գալ, լսել ու վայելել ջազ:
– Իսկ ծրագրի կոմերցիո՞ն մասը:
– Ծրագրում կոմերցիոն ոչինչ չկա: Ժամանակի ընթացքում ծրագիրը կարող է կոմերցիոն դառնալ, բայց հիմա` ոչ: «ՋԱԶ ԻՆՖՈ» թերթը տպագրվում է անվճար, միայն հովանավորների շնորհիվ է, որ կարողանում ենք բալանսի բերել ծախսերը:
– Իսկ ի՞նչ է ջազը ձեզ համար:
– Ջազը սեր է, ազատություն, հոգեվիճակ …
– Ի՞նչ խորհուրդ կտայիք Գյումրեցի երիտասարդներին: Ինչի՞ց սկսել, ի՞նչ լսել:
– Ամեն ինչում պետք է փնտրել որակովը. որակով ջազ, որակով դասական երաժշտություն, որակով էստրադա: Կրկնօրինակումն այսօր շատ-շատ է… ջազում չկա՞ արդյոք անորակը, կա, կամ չկա՞ն անորակ ռոք խմբեր, իհա՛րկե կան: Ուրեմն պետք է լսել որակովը, իսկ որակ, ինչպես ասացի, պիտի ապահովեն մեր հեռուստատեսությունն ու ռադիոն: Գյումրիի հեռուստաալիքները պետք է անդրադառնան քաղաքում իրականացվող միջոցառումներին: Մեր հեռուստաալիքներն արագ են արձագանքում միայն վատ պատահարների դեպքում, իսկ, օրինակ, համերգներին, որոնք բացարձակապես կոմերցիոն չեն, չորս լրատվամիջոցներից երեքը չեն լինում: Դա շատ վատ է:
Գյումրեցիները պիտի գնահատեն այն, ինչ արվում է իրենց համար:
– Ի՞նչ պլաններ կան հետագայի համար:
– Չենք սահմանափակվելու հայկական ջազով. պլանավորում ենք Թբիլիսիից ևս հրավիրել ջազ բենդեր: Լավն այն է, որ շատ ջազ բենդերն իրենք են գտնում մեր կոնտակտները և ցանկություն հայտնում գալ ու մասնակցել «Ջազը և Գյումրին» նախագծին:
Գյումրի